«Ալաշկերտը» նվազագույն հաշվով զիջեց «Իրտիշին»
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտն» Անթալիայում անցկացրել է ստուգողական 3-րդ հանդիպումը: Ղազախստանի «Իրտիշի» հետ մրցավեճի ելքը վճռել է 44-րդ րոպեին խփված միակ գոլը: Այն հեղինակել է ղազախական թիմի պորտուգալացի լեգեոներ Կառլոս Ֆոնսեկան, ով մոտ 22 մետրից կատարած հարվածով գնդակն ուղարկել է Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը:
Ինչպես տեղեկացնում է ակումբի լրատվության բաժինը, 48-րդ րոպեից «Ալաշկերտը» խաղացել է թվային փոքրամասնությամբ, քանի որ երկրորդ դեղին քարտը ստանալու համար խաղադաշտից հեռացվել է կիսապաշտպան Իրակլի Կվեկվեսկիրին: Թիմը հաշիվը հավասարեցնելու մի քանի հնարավորություն է ունեցել, սակայն Դավիթ Լորիայի դարպասն այդպես էլ մնացել է անառիկ: «Իրտիշը» հաղթել է նվազագույն հաշվով:
Հիշեցնենք, որ հաջորդ խաղն «Ալաշկերտը» կանցկացնի փետրվարի 11-ին: Մրցակիցն Ուզբեկստանի ազգային հավաքականն է: Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:00-ին: