Առաջատարի հետ պայքարը վճռորոշ կլինի Տիգրան Հարությունյանի համար
«Պարտուգալիա Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը մոտենում է ավարտին։ Կայացել են նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները, որոնք մեր շախմատիստների համար հաղթական էին։ Կարեն Գրիգորյանը առավելության է հասել Անտոնիո Ֆերնանդեսի, Տիգրան Հարությունյանը՝ Անդրե Սուսայի, իսկ ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակից Տիգրան Ղարամյանը` Սերգիո Ռոշայի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է armchess.am-ը:
Մրցաշարի միանձնյա առաջատար Էդուարդո Բոնելին ոչ ոքի է խաղացել Թուրքիայի ներկայացուցչի հետ։ Նա 7․5 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Տիգրան Հարությունյանը 6․5 միավորով կիսում է 2-6-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով 5-րդն է։ Նա ունի շանսեր մրցանակային տեղ զբաղեցնելու համար։ Տիգրան Ղարամյանն ու Կարեն Գրիգորյանը 6 միավորով կիսում են 7-15-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով 10-րդ և 11-րդ տեղերում են։
«Պորտուգալիա Օփենում» տեղի կունենա վերջին՝ որոշիչ տուրը։ Տիգրան Հարությունյանի մրցակիցը առաջատար Էդուարդո Բոնելին է, Կարեն Գրիգորյանը կմրցի Իգոր Կովալենկոյի հետ։