Արթուր Ալեքսանյանը կրկին առաջինն է
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հրապարկել է 2017 թ. փետրվար ամսվա վարկանշային աղյուսակը: Հունվարի 27-29-ը Փարիզում ընթացած հեղինակավոր միջազգային մրցաշարում ունեցած հաջող մրցելույթների շնորհիվ հունահռոմեկան ոճի Հայաստանի և հայազգի ըմբիշների թիվը վերոհիշյալ ցուցակում նախորդ ամսվա համեմատ ավելացել է երկուսով` Կարեն Ասլանյան, Մաքսիմ Մանուկյան:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, այս անգամ հունահռոմեական ոճի ուժեղագույնների շարքում ընդգրկվել է 13 հայազգի ըմբիշ, 8-ը՝ Հայաստանից, 5-ը՝ արտերկրից: Յուրաքանչյուր քաշային կարգում ընդգրկվում են տվյալ ամսվա արդյունքներով 20 ուժեղագույն ըմբիշները: Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջինն է 98 կգ քաշային կարգում: 66 կգ քաշային կարգում երկրորդն Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած Միհրան Հարությունյանն է: Նույն քաշային կարգում Կարեն Ասլանյանը 15-րդն է:
71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է: 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 13-րդն է, իսկ Կարապետ Չալյանը` 14-րդը: 80 կգ քաշային կարգում 17-րդ տեղում Էդուարդ Սարգսյանն է: 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է:
Ցավոք, ազատ ոճի ըմբշամարտի դասակարգման նոր ցուցակում Հայաստանի պատվիրակների թիվը կրկին նվազել ու հասել մեկի: Այժմ այդ ցուցակում Հայաստանը ներկայացնում է միայն գերծանր՝ 125 կգ քաշային Լևան Բերիանիձեն, ում 2016 թ Օլիմպիական խաղերում հաջողվել էր 5-րդ տեղը գրավել: