Երևանի առաջնությունում թիմերի քանակը պակասել է
Ավարտվել է բասկետբոլի 2001-2002 թթ. ծնված աղջիկների Երևան քաղաքի առաջնությունը: Մրցաշարի հաղթող է դարձել ԽՄՕՄ մարզադպրոցի թիմը, երկրորդ տեղում «Նաիրի» մարզական ակումբն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արաբկիրի խաղային մարզաձևերի դպրոցը:
Աղջիկների առաջնությանը մասնակցել է 4 թիմ: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը նշել է, որ այս տարի թիմերի քանակը պակասել է:
«Աղջիկների տվյալ տարիքային խմբում խնդիրներ ունենք: Տարբեր պատճառներով թիմերի քանակը պակասել է: Կան մարզադպրոցներ, որոնք փակվել են: Այս առաջնության մակարդակը շատ ցածր է: Այս 4 թիմերը հանդես կգան նաև Հայաստանի առաջնությունում:
2001-2002 թթ. ծնված աղջիկների հավաքականը հուլիսին կմասնակցի Եվրոպայի առաջնությանը: Հավաքականում կլինի 12 բասկետբոլիստ, որից միայն 6-ն են Հայաստանից»,- ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում ասել է Հարությունյանը:
Հավելենք, որ հաջորդիվ կմրցեն 2001-2002 թթ. ծնված պատանի բասկետբոլիստները: