Զավեն Անդրիասյանը պահպանեց գավաթը
Տեղի է ունեցել «Շախմատի ակադեմիայի գավաթ-2016» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը, որին մասնակցել են հարյուրից ավել մասնակիցներ Երևանից և ՀՀ մարզերից, այդ թվում՝ շուրջ 20 կոչումով շախմատիստներ՝ գրոսմայստերներ, միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:
Մրցաշարն անցկացվել է շվեյցարական մրցակարգով` 7 խաղափուլով: Ժամակարգը՝ 10+5 րոպե: Մրցանակային ֆոնդը կազմում էր 200, 000 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիայի լրատվության բաժինը:
Ինչպես 2015 թ., այս անգամ ևս «Ակադեմիայի Գավաթ-2016»-ի գավաթակիր է դարձել գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Հատուկ մրցանակների են արժանացել լավագույն արդյունք ցույց տված վետերան (50 տարեկան և բարձր) մասնակից՝ Գևորգ Թադևոսյանը, լավագույն արդյունք ցույց տված շախմատիստուհի՝ Սիրանուշ Ղուկասյանը, լավագույն արդյունք ցույց տված կարգային մասնակից՝ Տիգրան Ամիրյանը, լավագույն արդյունք ցույց տված մինչև 2100 ազգային վարկանիշ ունեցող մասնակից Գալուստ Թադևոսյանն ու լավագույն արդյունք ցույց տված մինչև 12 տարեկան մասնակից Արսեն Դավթյանը: