Անտոնիո Կոնտե. «Ֆուտբոլի նկատմամբ կիրքս մեծ է»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ իր կինը՝ Էլիզաբեթը, դժգոհ է մնացել իտալացի մասնագետի՝ «Յուվենթուսի» ու «Ինտերի» միջև «A» սերիայի հանդիպմանը խաղադաշտում հետևելու որոշումից։ Հանդիպումը կայացել է փետրվարի 5-ին, Թուրինում և ավարտվել դաշտի տերերի 1։0 հաշվով հաղթանակով։
«Երբ կնոջս ասացի, որ պատրաստվում եմ ներկա լինել «Յուվենթուս»-«Ինտեր» հանդիպմանը, նա հիացած չէր։ Պարզապես ասաց. «Ինչո՞ւ չես ցանկանում մնալ ինձ ու մեր դստեր հետ»։ Երբեմն փորձում եմ բացատրել նրան, որ այլ թիմերի խաղերին հետևելն իմ աշխատանքի մի մասն է։ Բայց դա անելը հեշտ չէ, եթե իմ հանգստյան օրը պետք է ներկա լինեմ մեկ այլ խաղի։
Կիրակի ողջ օրը ֆուտբոլ դիտեցի։ Նախ հետևեցի մանչեսթերյան ակումբների մասնակցությամբ խաղերին, այնուհետև անցա «A» սերիայի հանդիպումներին։ Ֆուտբոլի նկատմամբ կիրքս մեծ է։ Իսկ իմ կինն ու նրա ընտանիքը երբեք ֆուտբոլ չեն դիտել, մինչ ես կհայտնվեի նրանց կյանքում։ Օրինակ՝ կիրակի նրանք պարզապես հեծանիվ են քշել»,- Կոնտեի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։