Ա. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը 2017-ին կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ
Այս տարի խաչատրյանական 13-րդ միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։ Մրցույթի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ժյուրիի նախագահն է լինելու Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, դիրիժոր և դաշնակահար, Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոստանտին Գ. Օրբելյանը։ Ժյուրիի կազմում են նաև ճանաչված բեմադրող ռեժիսոր Անդրեյս Ժագարսը, օպերային երգիչ (բաս) Բարսեղ Թումանյանը, «Գրեմմի» մրցանակի առաջադրված ճանաչված օպերային երգչուհի (սոպրանո) Իզաբել Բայրաքդարյանը:
Խաչատրյանի մրցույթի մասնակցության կարգը հաստատված է։ Հայտերը կարելի է ներկայացնել մինչև ապրիլի 25-ը։
Մրցույթի առաջին փուլում բոլոր մասնակիցները, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն ամեն տարի մեկնարկում է հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ 2016-ին այն առաջին անգամ անցկացվել է «դիրիժորություն» մասնագիտությամբ։ Իսկ մինչ այդ մրցույթը կայացել է «դաշնամուր», «ջութակ», «թավջութակ» անվանակարգերում։ Խաչատրյանական մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ է։
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։ Միջոցառումն անց է կացվում ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո: Այն երաժշտական նշանակալի իրադարձություն է, որն ընդգրկում է տարբեր երկրներից ժամանած երիտասարդ երաժիշտների։ Հեղինակավոր այս մրցույթի ժյուրիի անդամներ են հանրահայտ երաժիշտներ և երաժշտական մենեջերներ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան