Բոլորը պետք է վստահ լինեն՝ մեր Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը շփման գծում. Վիգեն Սարգսյան
«Բոլորը պետք է վստահ լինեն, որ մեր Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը շփման գծում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Որևէ մեկը թող չմտածի, որ այս խախտումները կարող են հուսահատեցնել կամ լարումը հասցնեն այն աստիճանի, որ մենք երկնչենք մեր գործը կատարելուց»,- նշեց պաշտպանության նախարարը:
Վիգեն Սարգսյանը հայտնեց, որ երեկ եղել է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում, հանդիպել է համայնքների ղեկավարների, լավագույն զորամաս ճանաչված Նոյեմբերյանի գնդի անձնակազմի հետ:
«Պետք է ասեմ, որ ուղղակի մեծ ոգևորություն և մեծ հպարտություն ես զգում՝ շփվելով թե սահմանին ապրող մեր հայրենակիցների հետ, որոնք իրականում սահմանապահ են, թե մեր զինվորների հետ, որոնք՝ որպես անկախության տարիներին ծնված և մեծացած սերունդ, ուղղակի փայլում են իրենց ոգով, իրենց նվիրվածությամբ, իրենց համոզվածությամբ, որ այն գործը, որը կատարում են, բոլորիս անհրաժեշտ գործ է»,- ասաց նախարարը:
Լրագրողների հարցին՝ երեկ Ադրբեջանը հոխորտացել է, թե իբր փետրվարի 9-ի երեկոյան ոչնչացրել է ղարաբաղյան զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոց՝ իր անձնակազմով, Վիգեն Սարգսյանը պատասխանեց. «Հոխորտալը սադրողական գործունեության անբաժան մասն է: Միշտ էլ դրան վկա եք լինելու, բայց դրան պետք է շատ սթափ նայել: Եւ ես բոլորին կոչ եմ անում՝ հատկապես ԶԼՄ-ներին, միշտ առաջնորդվել Պաշտպանության բանակի և ՀՀ պաշտպանության նախարարության տարածած տվյալներով»:
Պաշտպանության նախարարը նշեց նաև, որ ՊՆ-ն երբեք գաղտնիք չի պահում այն իրավիճակը, որը կա: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ յուրաքանչյուր անգամ, երբ լինում են զինադադարի խախտումներ, դրանց մասին շատ բաց խոսում են՝ նշելով, թե քանակը խախտումների, թե կիրառված միջոցները: