Նախարարի տեղակալը հորդորել է հաշվի առնել մարզերի մարզական ներուժը
Շարունակվում են սպորտի մասսայականացման և մարզաձևերի տարածման նպատակով Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ընթացող քննարկումները՝ ոչ հենակետային մարզաձևերի ֆեդերացիաների հետ: Նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը հանդիպել է Հայաստանի լողի, աթլետիկայի և հանդբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:
Նախարարի տեղակալը խոսել է լողի հայկական դաշնության կողմից կատարված աշխատանքների մասին, որոնք նպաստում են լող մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը:
«Իջևան քաղաքում ֆեդերացիայի կողմից վերանորոգվել է Իջևանի № 1 հանրակրթական դպրոցի լողավազանը՝ հնարավորության ստեղծելով ոչ միայն կազմակերպել լողի մարզումներ, այլև լողավազանի հնարավորություններն օգտագործել դպրոցի ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերին: Սա լող մարզաձևի մասսայականացման մեկ օրինակ է, որը պետք է շարունակական լինի»,- Ղազարյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ներկայացուցիչները մարզաձևի զարգացման համար անհրաժեշտ են համարել սերտ համագործակցությունը հանրակրթական դպրոցների հետ:
«Ցանկացած մարզաձևի զարգացման կարևոր նախապայմաններից մեկը մանկապատանեկան սպորտն է: Կարծում եմ՝ ամենատարածված մարզաձևից՝ վազքից բացի, մատչելի են նաև թեթև աթլետիկայի մյուս մարզաձևերը, մասնավորապես՝ հեռացատկ, որի համար ընդամենը անհրաժեշտ է ունենալ ցատկափոսեր, որոնք կարելի է կառուցել ամենաքիչ ֆինանսական միջոցներով»,- ասել է ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը:
Քննարկման հաջորդ մասնակից՝ ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները, նույնպես ներկայացրել են մարզաձևի տարածմանը և մասսայականացմանը խոչընդոտող մի քանի խնդիրներ, ինչը մեր երկրում բնորոշ է գրեթե բոլոր խաղային մարզաձևերի համար։
Լսելով քննարկման մասնակիցներին՝ նախարարն առաջարկել է երկշաբաթյա ժամկետում մշակել և նախարարությանը ներկայացնել առաջարկություններ՝ իրենց մարզաձևերի մասսայականացման ու տարածման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Նախարարի տեղակալը հորդորել է ծրագրերը կազմելիս հաշվի առնել հիմնականում մարզերի մարզական ներուժի օգտագործման հնարավորությունները և մարզաբազաների առկայությունը: