Ծանրորդներ Գոռ Մինասյանն ու Սիմոն Մարտիրոսյանը` սպորտի վաստակավոր վարպետ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի նիստերի դահլիճում հանդիպել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի անդամների, մարզիչների և մասնագետների հետ:
Նախարարը Հայաստանի ծանրամարտի ընդհանուր վիճակը դրական է գնահատել: Նրա խոսքերով՝ մեր ծանրորդները հաջող են մասնակցել 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայացած ամառային Օլիմպիական խաղերին, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:
«Օլիմպիական երկու արծաթե մեդալները մինչօլիմպիական քառամյա փուլի ընթացքում կատարված աշխատանքի արդյունքն են: Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի սաներից երկուսը դարձան օլիմպիական փոխչեմպիոններ: Կարծում եմ, որ հետևողական աշխատանքի շնորհիվ մեր ծանրորդները կարող են նվաճել նաև օլիմպիական ոսկին»,- ասել է նախարարը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, Ռոստոմյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչումներ է հանձնել 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ նվաճած ծանրորդներ Գոռ Մինասյանին և Սիմոն Մարտիրոսյանին: