ՏԻՄ ընտրություններում փորձարկվում են ԱԺ 2017թ. ընտրության սարքերը
Տեխնիկական սարքավորումները որոնք կիրառվելու են խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ծրագրային ապահովումը նախապատրաստվել են, բայց այս ՏԻՄ ընտրությունների ընթացքում մենք փորձարկում ենք այդ սարքավորումները, թե ինչպես են պրակտիկորեն աշխատում,- անդրադառնալով Սենյոնովկա համայնքի ՏԻՄ ընտրություններում առաջիկա խորհրդարանական ընտրություններում կիրառվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման գործընթացին «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԿՀԸ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերի թվով 10 համայնքներից 2-ում` Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում, փորձարկվելու են 2017 թվականի ապրիլի 2-ի ԱԺ հերթական ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրամադրվելիք ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումները:
ԿԸՀ նախագահի խոսքով, այսօրվա նպատակը բոլոր թերությունների վերհանումն է:
«Մենք փորձում ենք սարքի առավելագույն կիրառելիության հնարավորությունները, որի գերնպատակն է վերհանել թերությունները: Որովհետև դեռևս կա ժամանակ և եթե կան ինչ-ինչ թերի, ոչ լիարժեք տեխնիկական լուծումներ, ապա այդ ամբողջը մինչև խորհրդարանական ընտրություններ վերացվեն և ընտրությունների ժամանակ մենք կիրառենք տեխնիկական սարքավորումներ, որոնք զերծ կլինեն որևէ թերություններից»,- նեց Մուկուչյանը և հավելեց, որ որոշ խնդիրներ նկատվել են, նաև՝ «նշմարվել են որոշ նոր լուծումներ», այդ բոլորը մանրամասն գույքագրվում է:
ԿԸՀ նախագահի խոսքով, քվեարկության ավարտից հետո կուսումնասիրվեն բոլոր նկատված թերությունները, դրանք կներկայացվեն այն մասնագետներին, որոնք զբաղվում են ծրագրային ապահովման մշակմամբ, որպեսզի վերջիններս համապատասխան ծրագրային լուծումներ գտնեն կամ եթե թերության մասին է խոսքը, ապա վերացվեն այդ թերությունները:
ԿԸՀ նախագահի համոզմամբ, բոլոր արձանագրված թերությունները շտկելի են, քանզի հենց այս փորձարկման նպատակը դա է:
Անձամբ ներկա լինելով ընտրական պրոցեսին, մասնավորապես այդ սարքավորումների միջոցով ընտրողների գրանցումներին Մուկուչյանը նշեց, որ ըտրողները առանձնապես դժվարություններ չէին ունենում, քանզի տեխնիկական սարքավորումների մոտ նստած են մասնագետներ:
«Մեծ բարդություն չի ներկայացնում` ըստ էության, ընտրողը ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթը, մասնագետը ներմուծում է սարքավորման մեջ, հանձնում են մատնահետք և տպագրվում է կտրոն: Ընտրողի համար այս փուլը գուցե մեկ լրացուցիչ փուլ է, բայց որևէ լրացուցիչ խնդիր չի առաջացնում»,- նշեց ԿԸՀ նախագահը:
Տեխնիկական սարքավորումների այս փորձարկումը Մուկուչյանը կարևորեց այն առումով նաև, որ առաջիկայում լինելու է տեխնիկական սարքավորումներն աշխատացնող մասնագետների ուսուցման հետ կապված գործառույթ:
«Պետք է իրականացվի այն անձանց ուսուցումը, որոնք տեղամասային կենտրոններում սպասարկում են տեխնիկական սարքավորումները: Խոսքը մոտ 4000 քաղաքացու մասին է, իսկ մենք նախատեսում ենք որ ուսուցում պետք է կազմակերպենք մոտ 6000 քաղաքացու համար, որպեսզի հետագայում ստուգարքների արդյունքում ձևավորվի այն 4000 անձնացից բաղկացած թիմը, որոնք տեղամասային կենտրոններում իրականացնելու են այդ աշխատանքը: Մենք փորձում ենք այսօր նաև այդ աշխատանքի ընթացքում մասնագետին առաջադրվող պահանջների ուշադրության արժանի հանգամանքները նույնպես առանձնացնենք: Դրանք շատ կարևոր են, որ հետագայում երբ կսկսվեն դասընթացները, այդ ժամանակ շեշտադրումներ արվեն այդ խնդիրների վրա, որպեսզի այդ մասնագետները տեղամասային կենտրոններում արդեն լիարժեք ծավալով տիրապետեն տեխնիկական սարքավորմանը և լիարժեք ձևով գործարկեն»,- նշեց Մուկուչյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին