Հակառակ դեպքում, մեր քաղաքացիներն արտերկրում բժշկական օգնություն կփնտրեն. ռեկտոր
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը, որը 2016 թվականի դեկտեմբերի 24-ին ընտրվեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, իսկ մինչ այդ ռեկտորի պաշտոնակատար էր, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփեց խորհրդանշական կերպով՝ ուսանողների հետ հրավիրված մեծ հանդիպման ընթացքում: Panorama.am-ը զրուցել է ռեկտորի հետ՝ պարզելու, թե ինչ խնդիրներ կան բուհում, և որոնք են ռեկտորի առաջիկա անելիքները։
- Պարոն Մուրադյան, բուհը Ձեզ համար նոր չէր, այնուամենայնիվ, անակնկա՞լ էր, թե սպասված այդ նշանակումը:
- Բժշկական համալսարանում աշխատանքն ինձ համար նոր չէ, աշխատում եմ արդեն շուրջ 15 տարի: Ինքս լինելով այս բուհի շրջանավարտ, հետագայում` կլինիկական օրդինատուրան, ասպիրանտուրան, դոկտորանտուրան, իմ գիտական աշխատանքները կապված են այս բուհի հետ: 2001թ-ից արդեն դասավանդում եմ, իսկ 2003թ-ից մի քանի երիտասարդ բժիշկներով ստեղծեցինք ուրոլոգիայի ամբիոնը, ես ընտրվեցի որպես ամբիոնի ղեկավար և ղեկավարեցի այն մինչև 2011 թվականը, այնուհետև՝ 2014թ.-ից եմ ղեկավարում այն: Այնպես որ, ինձ համար բուհի հետ կապված աշխատանքները երբեք չեն եղել անակնկալ: Ինչ վերաբերում է վարչական աշխատանքին, իհարկե, այսօր բուհում կան լուրջ ձեռքբերումներ և, բնականաբար, խնդիրներ: Մեր աշխատանքները հիմնականում նախ ուղղված են լինելու մեր հաջողությունները և խնդիրները խմբագրելուն, և փորձելու ենք ծրագրային ուղղություններով դրանք լուծել:
Այսինքն՝ ընդհանուր մեր աշխատանքները, որոնք սկսվել են նոյեմբերի առաջին օրերից՝ կապված են ծրագրի ստեղծման հետ: Ծրագիր, որը կոչված կլինի մոտակա տարիներին ապահովելու բուհի զարգացումը, ինչպես նաև նպաստել միջազգայնացմանը:
- Ձեր պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում խոսվում է, որ ԵՊԲՀ-ում մի շարք փոփոխություններ են կատարվել, ի՞նչ փոփոխություններ են դրանք և արդյոք արդեն կարող ենք խոսել արդյունքներից:
- Կարծում եմ, որ փոփոխությունները պետք է բխեն հիմնականում ռազմավարական ծրագրից, որն այս պահին մշակման փուլում է: Դրա համար պետք է լինի թիմ, որը վերոնշյալ ծրագիրը ոչ միայն կյանքի կոչի, այլ նաև դրա իրականացնողը լինի: Այդ պատճառով նոր թիմի ձևավորման խնդիր առաջացավ և ներգրավվեցին այն մարդիկ, որոնք գաղափարներով իրար մոտիկ են, իրար բացարձակ վստահում են և ունեն տեսլական՝ ինչպիսին պետք է լինի տարիներ հետո այս բուհը: Այդ թիմում ներգրավված են ոչ միայն փորձառու դասախոսներ, այլև ուսանողներ, շրջանավարտներ, որոնք նոր գաղափարների կրողներն են, երիտասարդ բժիշկներ, որոնք բժշկական ոլորտում սկսում են իրենց աշխատանքը և տեսնում են ոլորտի այն բոլոր խնդիրները, որոնք կարող էին չլինել, եթե միջազգայնացման հարցն օր առաջ լուծած լինեինք:
Հաշվի առեք, որ կոմունիկացիաներն այնպիսի զարգացում են ապրում, որ բժշկական յուրաքանչյուր նորամուծություն, այդ ոլորտում ապացուցված և կյանքի կոչված ցանկացած ձեռքբերում, հասանելի է բոլորին, առավելապես, մեր երիտասարդ բժիշկներին: Հիմա թիմը ձևավորվում է և ծրագրի մշակումն արդեն եզրափակիչ փուլում է: Հուսով եմ, որ շուտով մենք այն կներկայացնենք հանրությանը: Ծրագրի կարմիր թելը կամ դրա ամբողջ մեխը միջազգայնացումն է:
- Ձեր գնահատմամբ` այսօր ի՞նչ հիմքերի վրա է կրթության որակը բժշկական համալսարանում:
- Շուրջ 100 տարի այս բուհը կա և այն հիմնական բժշկական անվտանգության ապահովողն է եղել: Բժշկական կրթությունը, որը ապահովել է մեր բուհը, թույլ է տվել ոչ միայն Հայաստանում, այլ նաև այլ երկրներում ապահովել մարդկանց կյանքի որակը, տևողությունը, առողջությունը: Երկար ճանապարհ է անցել համալսարանը, մեծ փորձ ունի: Հաշվի առնենք, որ համալսարանում այս պահին ամեն չորրորդ ուսանողը ժամանել է արտերկրից, այս համալսարանն է, որ թույլ է տվել անցնել բոլոր պատմական փորձություններով և ապահովել բժշկական անվտանգությունը՝ Մեծ հայրենական պատերազմի տարիներին, 1988-ի երկրաշարժի ժամանակ, անկախության տարիներին, արցախյան պատերազմի տարիներին:
Այսօր բժշկական ճակատը ապահովվում են բժշկական համալսարանի շրջանավարտները: Ես բարձր եմ գնահատում մեր բժշկական համալսարանի շրջանավարտների պատրաստվածությունն ու մակարդակը: Բայց շեշտում եմ, որ ամբողջ աշխարհն այսօր սրընթաց զարգացում է ապրում, հատկապես, բժշկական ոլորտում և մենք իրավունք չունենք բաց սահմանների, կոմունիկացիաների պարագայում, այդ զարգացումներից դուրս մնալ: Հակառակ դեպքում, մենք կունենանք մի իրավիճակ, երբ տեղեկատվական դաշտով հագեցած շրջանում մեր քաղաքացիները պարզապես արտերկրում բժշկական օգնություն կփնտրեն:
- Արտերկրի ուսանողներին հատկապես որ մասնագիտություններն են հետաքրքրում, գրավում: Եւ արդյոք տարեցտարի ավելանո՞ւմ է նրանց թիվը:
- Այս պահին ունենք շուրջ 1600 ուսանող արտերկրից և կլինիկական օրդիանատորներ, որոնք ևս շարունակում են իրենց ուսումը ռեզիդենտուրայում: Մեր առջև նպատակ ենք դրել մոտակա երեք տարիների ընթացքում այդ թիվը հասցնել 3000-ի: Սա նաև կխթանի, կնպաստի մեր երկրի տնտեսության զարգացմանը: Հաշվի առնենք, որ բժշկական կրթության արտահանումը, բժշկական տուրիզմի ճյուղերից է: Մենք ունենալով այդպիսի հնարավորություն, չենք կարող չօգտագործել այս արտադրությունը և այդ արտադրանքը չտալ: Համոզված եմ, որ արտերկրի ուսանողների թիվն ավելացնելով մենք ոչ միայն խթանելու ենք բժշկագիտության զարգացումը, տնտեսության զարգացումն, այլ նաև մեր երկրի մշակույթը, քանի որ այդ ուսանողներն այստեղ անցկացնում են 6 տարի, լեզու են սովորում, ծանոթանում են մեր ավանդույթներին, հայկական ընտանեկան արժեքներին: Բոլոր ուղղություններով այս գործընթացը միայն դրական կարելի է գնահատել մեր երկրի համար: Բժշկության զարգացումն առհասարակ ամբողջ աշխարհում բերել է կոշտ մրցակցության բժշկական կրթություն մատուցողների կողմից: Տարբեր երկրներ իրենց ճանաչված համալսարաններով այդ մրցակցության մեջ այսօր բավականին հստակ դիրքորոշում ունեն՝ նոր ծրագրեր, նոր վերապատրաստված դասախոսական անձնակազմ և այլն: Այսինքն՝ առաջարկում են ավելի գրավիչ պայմաններ նրանց համար, որոնք ուզում են բժշկական կրթություն ստանալ:
- Կարծո՞ւմ եք՝ ծրագրի իրականացումը կնպաստի ուսանողների թվի ավելացմանը, բուհի վարկանիշի բարձրացմանը, երիտասարդ կադրերի ներգրավմանն ուսումնական պրոցեսում:
- Այս բոլոր հարցերը շաղկապակցված են: Եթե երիտասարդացում չլինի բուհում, ապա սերնդափոխություն չի կարող լինել: Երիտասարդացումը ոչ միայն սերնդափոխության, այլև գաղափարախոսության խնդիրն է լուծում: Այսօր հաղորդակցությունների, տեխնոլոգիաների զարգացման պարագայում՝ երիտասարդ սերունդն առանցքային դերակատարում ունի բժշկագիտության զարգացման մեջ: Այստեղ մեծ սկզբունքային տարբերություն կա, անգամ 20 տարվա և դարերով եկած բժշկության և այսօրվա մեր իրականության: Երիտասարդ սերունդը առանցքային դերակատարում ունի բժշկության զարգացման գործում: Երիտասարդ կարդրերի ներգրավումը ծրագրում ունի իր ուրույն տեղը և կազմում է ծրագրի առանցքը: Միջազգայանացումը նշանակում է ոչ միայն միջազգային բարձր վարկանիշ, այլև միջազգային առողջապահական, բժշկագիտության ծրագրերին, գիտելիքներին ծանոթանալու հնարավորություն: Դա չի նշանակում, որ մենք շրջանավարտներ ենք պատրաստում միայն արտերկրում աշխատելու համար: Քննարկվում է այն հարցը, որ միջազգայնացումը կարող է նրան բերել, որ մեր շրջանավարտները ընտրեն մեր երկրից դուրս աշխատանքը: Միանշանակ կարող եմ ասել, որ մեր երկիրը առաջնահերթ պետք է օգտվի այդ շրջանավարտների գիտելիքներից և ձեռք բերած ունակություններից, նրանց հմտություններից: Առողջապահական մասնագիտական շուկան կփոխվի այն պահից, երբ մեր շրջանավարտները կունենան միջազգայնացման գործընթաց: Այսինքն՝ նրանք կարող են աշխատանք ստանալ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում և իհարկե կփոխվի վերաբերմունքը բժշկի աշխատանքի վերաբերյալ: Շուկան, համապատասխանաբար,պետք է ձևավորվի նրա կրթական գիտելիքներից, ցենզից ելնելով և ոչ թե հակառակը:
Մենք փորձում ենք այսօր այնպիսի կրթություն ապահովել, որպեսզի մեր շրջանավարտը, մեր բժիշկը հնարավորություն ունենա աշխատանք գտնելու յուրաքանչյուր բարձր տեխնոլոգիաներով հագեցած կլինիկայում, բարձր ենթակառուցվածքներ ունեցող հարթակներում և սա կխթանի նաև Հայաստանի բժշկական շուկայի զարգացմանը:
Կադրային փոփոխությունների մասով նաև նշեմ, որ այդ փոփոխությունները կատարվում են երկու հիմնական սկզբունքով: Առաջինը՝ գաղափարների և ծրագրերի համախոհների համաստեղությունն է, երկրորդը՝ բացարձակ վստահությունն է՝ ազնվության, նվիրվածության, աշխատասիրության հետ կապված: Համալսարանում կա լրջագույն, ինտելեկտուալ ներուժ՝ պրոֆեսորադասախոսական կազմը, լուրջ հեռանկարներ ունեցող ուսանողներ: Եթե մենք չենք կարող այդ երկու ուղղությունները համադրել և հատման կետում գտնել համալսարանի հեռանկարները, դա կնշանակի, որ մենք լավ չենք ձևավորել մեր ծրագրերը: Ուսանողների մի մասն այսօր չի թաքցնում, որ գերմաներեն, անգլերեն են սովորում, իրենց հետագա գործունեությունը Հայաստանից դուրս են տեսնում: Մենք չենք փորձում նրանց արգելել: Հակառակը, մենք ասում ենք՝ այստեղ ստացեք այնպիսի կրթություն, որ հպարտությամբ դրա մասին բարձրաձայնեք: Միշտ ուսանողներին ասում եմ, որ եթե ձեր ծնողը դժվարությամբ կարողանում է Ձեզ բժշկական կրթություն ստանալու հնարավորություն տալ, ապա միջնորդությամբ միայն գնահատական ստանալու ձգտումն անընդունելի է: Պետք է գիտակցել, որ կարևորը կրթությունն է: Մենք այսօր գնում ենք այն ճանապարհով, որ փորձում ենք բուհի միջազգային վարկանիշը բարձրացնել, կրթական մակարդակը բարձրացնել, դրա համար պետք է սովորել: Ուստի բժշկական կրթությունում միջնորդություններով սովորելը անընդունելի է: Նույն է, որ հիվանդանոցում միջնորդեն, որ իրենց անգրագետ բարեկամը գա բուժօգնություն տրամադրի: Երբեք այդպիսի բան չեն անի, նրանք կուզենան լավագույն բժիշկն իրենց հարազատին վիրահատի:
- Պարոն Մուրադյան, ինչ եք Ձեր առջև անձամբ դրել, ինչ նպատակ ունենք:
- Անձնավորված չէի ցանկանա խոսել, ես կուզեի խոսել համալսարանի ամբիցիաների մասին: Յուրաքանչյուր ստեղծագործություն ցանակացած ոլորտում կյանքի է կոչվում ամբիցիաներից ելնելով: Առանց այդ ամբիցիաների չի կարող գոյատևել բժշկությունը, գիտությունը և շատ կուզեի, որ մեր ամբիցիաները՝ մեր շրջանավարտների, վարչական կազմի, դասախոսական անձնակազմի՝ մի ուղղվածության լինի՝ ճանաչում բերել հայկական բժշկական մտքին աշխարհում, բժշկական կրթության միջազգայնացմանը, և թույլ տա բժշկական կրթության միջազգային ճանաչումը էլ ավելի մեծ թափ ստանա: Սա կարծում եմ՝ ամենամեծ նպատակը կլինի այն, եթե մեր շրջանավարտները, որոնք այսօր աշխատում են Կալիֆոռնիայում, Ավստրալիայում, Կանադայում՝ հպարտությամբ ասեն, որ իրենք Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ են:
- Նախարարի պաշտոնը թողնելուց հետո անմիջապես գնացիք վիրահատարան: Հիմա շարունակո՞ւմ եք վիրահատություններ անել:
- Չեմ թաքցնում, որ առավոտյան նախքան աշխատանքի գալը և օրվա երկրորդ կեսը ես լինում են կլինիկաներում: Ես չեմ կարող դրանից կտրվել, դա ինձ օդի պես անհրաժեշտ է: Մեծ գիտակցում և պատասխանատվություն է պահանջում հասկանալ, որ միայն վիրահատարանում լինելով չես կարող հիվանդի առողջությունը վերականգնել: Եվ եթե չես կարողանալու հիվանդի հետ քո ամբողջ աշխատանքային օրը և անհրաժեշտ պահին իր կողքը լինել, վիրահատություն իրականացնելն ինքնանպատակ չէ: Այդ իսկ առումով, ես հիմա ավելի քիչ եմ վիրահատում, քան կուզենայի: Սակայն չեմ կարող կտրվել ոչ հիվանդանոցներից, ոչ հիվանդներից, որոնք մինչ օրս ինձ դիմում են: Հուսով եմ, որ դեռ երկար կկարողանամ սպիտակ խալաթով ծառայել այն կոչմանը, որն ինքս ընտրել եմ ժամանակին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները