Դալլաքյան. Եղել են ստվերային պայմանավորվածություններ
Ոչ թե դաշինք էր, այլ համաձայնագիր: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:
Հիշեցնենք, նախօրեին հայտնի դարձավ, որ «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը որոշում է կայացրել դադարեցնել իր մասնակցությունը 2017 թվականի հունվարի 17-ին «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների կողմից ստեղծված համագործակցության համաձայնագրին:
«Խոսել որևէ դաշինքի մասին և իրավական, և քաղաքական ու քաղաքագիտական առումով կլիներ միանգամայն սխալ»,-ասաց նա, հիշեցնելով, որ համաձայնագրից դուրս գալու մասին հայտարարել է նաև Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
«Այսինքն, այդ համաձայնագրի հիմնադիր երեք կողմերից երկուսը դուրս են եկել, դրանում մնացել է ընդամենը մեկ՝ «Համախմբումը»: Ես սա ասում եմ, որպեսզի հասկանալի լինի, որ խոսքը չի վերաբերում դաշինքին ու դաշինքը լքելուն»,-ասաց նա:
Անդրադառնալով համաձայնագրին իր մասնակցությունը դադարեցնելու պատճառներին, Դալլաքյանն ասաց. «Ես բազմիցս ներկայացրել եմ առաջարկություններ աշխատակարգերի վերաբերյալ, այսինքն պետք է լինի խորհուրդ, մի մարմին, որը կընդունի համապատասխան որոշումներ: Դրանց ընդունման, նիստերի անցկացման, ինչպես նաև այլ կարգեր պետք է հաստատվեն: Քանի որ այս ամենը տեղի չի ունեցել, այսինքն այս համաձայնագրի երեք կողմերը նման հնարավորություն չեն ունեցել, ուստի ես գտնում եմ, որ նմանատիպ գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը մեր կողմից աննպատակահարմար է, որովհետև եղել են որոշակի ստեվերային գործընթացներ, իսկ մենք հրապարակային գործընթացի կողմնակից են»:
Նա նշեց, եթե խնդիր է դրվել, որ այդ համագործակցության արդյունքում պետք է երկրում իրականացվեն արմատական բարեփոխումներ, դա ենթադրում էր, որ բոլոր կարգի փոխհարաբերությունները պետք է լինեին հրապարակային, ոչ թե ստվերային:
«Քանի որ չի ապահովվել այս ամենը, մենք հայտարարում ենք, որ դադարեցնում ենք մեր մասնակցությունը համաձայնագրին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դալլաքյանը կհայտարարի Օհանյան-Օսկանյան դաշինքը լքելու մասին. «Ժամանակ»
- Արամ Սարգսյան. Դեմկուսը ընտրություններին չի մասնակցի Օհանյան-Օսկանյան դաշինքի կազմում
- Օսկանյանը՝ Հայրիկյանի հայտարարության մասին
- Ճիշտ մոտեցում է դաշինքով գնալ ընտրություններին. Հայրիկյան