Մոսկվայում բացվող ցուցահանդեսում նաև արցախյան պատկերներ կլինեն
Փետրվարի 16-ին Մոսկվայի դասական լուսանկարչության պատկերասրահում բացվելու է նկարիչ և ճանապարհորդ Սուրեն Հարությունյանի անհատական ցուցահանդեսը: Նյուզռու.քոմ-ը գրում է, որ նա իր կյանքի ընթացքում այցելել է ավելի քան 70 երկիր և իր արտացոլել իր տպավորությունները գեղանկար աշխատանքներում:
«Ճամփորդող» խորագիրը կրող ցուցահանդեսում ներկայացված է լինելու 37 կտավ, որոնք ստեղծվել են 1990-ական և 2000-ական թվականներին: Դրանք բացահայտում են տարբեր մշակույթների էությունը, նվիրված են 14 երկրի ու տարածաշրջանի, այդ թվում Լեռնային Ղարաբաղ, Սիրիա, Մարոկկո, Մալի, Սենեգալ, Պորտուգալիա, Բոլիվիա, Հնդկաստան, Չինաստան, Զիմբաբվե, Պերու, Հրե Երկիր, Բենին, Սիբիր:
Սուրեն Հարությունյանն այս գործերը հեղինակելու համար անցել է տասնյակ հազարավոր կիլոմետրեր: Նրա նկարները հետազոտական նյութ են, որոնք իրենց մեջ պատկերավոր գիտելիք են պարունակում երկրագնդի տարբեր անկյունների մշակույթների, բարքերի, գույնի, ճաշակի, ձայների մասին:
Հարությունյանը հատուկ այցելում է ոչ զբոսաշրջային, հեռավոր վայրեր, որտեղ դեռ կարելի է հայտնաբերել տեղական կոլորիտը:
Սուրեն Հարությունյանը (1950 թ. Մոսկվա) Ռուստաստանի պրոֆեսիալ նկարիչների միության անդամ է:
Լուսանկարները՝ տարբեր աղբյուրներից: