Պաշտոնական. Արամ Հայրապետյանը պայմանագիր ստորագրեց «Բանանցի» հետ
Երևանի «Բանանցի» հետ պայմանագիր է ստորագրել դարպասապահ Արամ Հայրապետյանը, ով Անթալիայում մասնակցում է «Բանանցի» ուսումնամարզական հավաքին և հանդես է եկել փետրվարի 12-ին կայացած «Կայսարի» դեմ ստուգողական հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ուրախ եմ «Բանանց» տեղափոխվելու կապակցությամբ: Հայաստանի առաջնությունում իմ առաջին ակումբը եղել է «Բանանցը» և հաճելի է այստեղ վերադառնալը: Պետք է ամեն ինչ անեմ մարզչական շտաբի հույսերն արդարացնելու համար»,- նշել է Արամ Հայրապետյանը:
30-ամյա ֆուտբոլիստը դարպասապահի իր կարիերան սկսել է ռուսական «Սոչի-04» թիմում և խաղացել է նաև «Ադլեր», «Կուզբաս» և «Սմենա» ակումբներում: 2014 թ.-ից հանդես է գալիս Հայաստանի առաջնությունում: Խաղացել է Երևանի «Բանանցում», ապա տեղափոխվել «Արարատ»: