Ֆրեյսլեբեն. «Արոնյանի դեմքն ասիմետրիկ է, ձախ հատվածը՝ պայծառ»
Գերմանացի հայտնի քանդակագործ Բերտրան Ֆրեյսլեբենն արդեն Հայաստանում է՝ Լևոն Արոնյանի կիսանդրու հետ միասին: Հայաստանի շախմատի հավաքականի անդամի հետ աշխատելը հեշտ էր ու հետաքրքիր, և հայ հանդիսատեսին արդյունքը ներկայացնելու քանդակագործի ցանկությունը մեծ էր: Լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ Բերտրան Ֆրեյսլեբենը շեշտեց, որ այս ամենը կատարել է մեծ սիրով՝ փորձելով ներկայացնել Արոնյանին մի քանի կողմերով:
«Շատ շնորհակալ եմ, որ Հայաստանում եմ և կարող եմ ներկայացնել իմ աշխատանքը: Հատկապես ուրախ եմ, որ հենց այսպիսի առիթով եմ այս երկրում: Շատ եմ գնահատում այն, թե ինչ է անում Հայաստանը շախմատի համար: Ինքս էլ լինելով շախմատի սիրահար՝ կարևորում եմ այս ամենը: Ես դիմաքանդակագործ եմ և այն մարդն եմ, ով ոգի է դնում այս դիմաքանդակների մեջ: Հիացած եմ կյանքով և ոգի եմ տեսնում ամենուր: Գնահատում եմ այն ամենը, ինչի մեջ կա ոգի: Նվիրել եմ իմ կյանքը՝ աշխատանքի միջոցով ոգին ներկայացնելու համար: Գովելի է, որ Հայաստանն այսքան ջանք և եռանդ է դնում մի խաղի մեջ, որն իր բնույթով աբստրակտ է, ինչպես և քանդակագործությունը»,- ասաց Ֆրեյսլեբենը:
Կիսանդրին պատրաստված է կավից, որը ձևափոխվել է բրոնզի, արձանը 17 կգ է, պատվանդանը՝ 5: Արոնյանի հետ աշխատել են 2 օր՝ 6-7 ժամ, որից հետո սկսվել է կավից բրոնզ անցման երկարատև ու դժվարին աշխատանքը: Ընտրությունը կանգ է առել հայ գրոսմայստերի վրա, քանի որ վերջինս բնակվում է նույն քաղաքում, ինչ Ֆրեյսլեբենը և հանդիպումը կազմակերպելը դյուրին է եղել:
«Հանդիպմանը Լևոնը եկել էր հեծանվով: Ցույց տվեցի նրան իմ գործերն ու միանգամից հասկացանք, որ մեր աշխատանքները բնույթով նման են իրար: Շփվում էինք ընկերական մթնոլորտում: Լևոնը հիանալի անձնավորություն է, շատ պայծառ: Նա իր կյանքը նվիրել է շախմատին, նույն ես եմ անում՝ իմ բնագավառում: Դիմաքանդակագործությունն ու շախմատն ունեն շատ ընհանրություններ և քանդակին նայելով ու շախմատ խաղալով միանգամից կարող ես հասկանալ՝ հաղթո՞ւմ ես, թե՞ պարտվում»,- նշեց Ֆրեյսլեբեն:
Այնուհետև քանդակագործը մեկնաբանեց իր կատարած աշխատանքը, մասնավորապես, թե ինչո՞ւ է Արոնյանին ավելի շատ ներկայացրել ձախ կողմով, թեև կիսանդրին ուղիղ դիրքով է, ինչպես նաև նշեց, թե ինչ խնդիր էր դրված եղել իր առջև՝ արձանը պատրաստելիս:
«Սա ոչ միայն Արոնյանի գլուխն է, այլև՝ դիրքը: Ինձ համար սա խաղ է՝ գլխի հետ: Իմ առջև դրված խնդիրն այն էր, որ ներկայացնեի, թե ինչպիսի անձնավորություն է Արոնյանը, ինչպիսի դեմքի արտահայտություն ունի և ինչպես կարող եմ իր ներաշխարհը ներկայացնել՝ իմ աշխատանքի միջոցով: Լևոնի դեմքն ասիմետրիկ է, ձախ հատվածն ավելի պայծառ է և երբ նա ժպտում է, միշտ ժպտում է ձախ կողմով: Ուզում էի ցույց տալ, թե որքան խորը և հարուստ ներաշխարհով անձնավորություն է նա, միաժամանակ ցուցադրել դիրքը՝ խաղատախտակի առջև, թե ինչպիսի խորամանկություններ է ստեղծում իր մրցակիցների համար»,- պատմեց քանդակագործը:
Բերտրան Ֆրեյսլեբենը վերջում հույս հայտնեց, որ քանդակը կմնա Հայաստանում և կգտնի իր արժանի տեղը Երևանի շախմատի ակադեմիայում, որն իրեն անչափ դուր է եկել: