Թվայնացվել են Հարո Ստեփանյանի ստեղծագործությունները
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի նվիրված է անվանի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի 120-ամյակին,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմաը հայտնեց կոմպոզիտոր Վարդան Աճեմյանը՝ նշելով, որ յուրաքանչյուրը տարի փառատոնը նվիրվում է հայ անվանի կոմպոզիտորներից մեկին:
«Հիանալի նախաձեռնություն է, պետք է անպայման մեծարենք մեր մեծերին: Նպատակն է ստեղծել մնայուն արժեքներ, տարածել հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, ձայնագրել, տեսագրել հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, թվայնացնել նոտաներն ու պահպանել դրանք: Փառատոնը նաև հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդ կոմպոզիտորներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները»,- ասաց կոմպոզիտորը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանն ընդգծեց, որ մինչ այս Հարո Ստեփանյանի ժառանգությունը եղել է ձեռագիր վիճակում, այժմ այն թվայնացվել է և կփոխանցվի սերունդներին. «Շնորհակալ եմ երիտասարդական նվագախմբին՝ նրանք կարևոր նախաձեռնություն են իրականացնում»:
Հայաստանի երիտասարդական նվագախմբի ղեկավար Սերգեյ Ստեփանյանի խոսքով՝ թեև փառատոնը նեղ մասնագիտական է, սակայն այն ունի մեծ առաքելություն՝ հայ կոմպոզիտորներին ճանաչելի դարձնել ունկնդիրների լայն շրջանակին. «2010 թվականից սկսած տարեցատրի ավելի ոգևորված ենք աշխատում: Մենք գիտենք, որ կան շատ լավ կոմպոզիտորներ, կան տաղանդներ և այս փառատոնի շրջանակներում նրանց հնարավորություն կտրվի հնչեցնել այն, ինչին նվիրել են նրանք իրենց կյանքը»:
Փառառոնի գեղարվեստական հարցերով պատասխանատու Սարգիս Բալբաբյանը տեղեկացրեց, որ հինգ համերգային երեկո է լինելու՝ երկու սիմֆոնիկ և երեք կամերային: Այն կմեկնարկի փետրվարին, Երևանում՝ փետրվարի 15-28-ը. «Հարո Ստեփանյանի ստեղծագործությունների կողքին կհնչեն նաև տեղացի և սփյուռքահայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները»:
Ստեղծման առաջին իսկ օրից փառատոնն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այն կազմակերպում է Հայաստանի երիտասարդական նվագախումբը:
Նշենք, որ անցած յոթ տարիների ընթացքում փառատոնի շրջանակներում թվայնացվել է 50-ից ավելի հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործություններ, ձայնագրվել են ավելի քան 200 ստեղծագործություններ, իրականացվել են հայ կոմպոզիտորների 150-ից ավելի ստեղծագործությունների պրեմիերաներ:
Հարո Ստեփանյանը (1897-1966թթ.) տաղանդավոր և ինքնատիպ կոմպոզիտոր է, ով ﬔծ ավանդ է ունեցել հայ երաժշտական մշակույթի զարգացման գործում: Նա հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, երգեր, ռոմանսներ, կաﬔրային-գործիքային ստեղծագործություններ։