Մելանյա Թրամփը կպահպանի Միշել Օբամայի այգին
ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը մտադիր է պահպանել Սպիտակ տան մերձակա այգին, որը խնամում էր նախորդ առաջին տիկին Միշել Օբաման: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին պատմել է նախագահի տիկնոջ ավագ խորհրդական Սթեֆանի Ուոլքոֆը. «ԱՄՆ-ի առաջին տիկինը հետևելու Է, որ այգու բոլոր անկյունները, այդ թվում՝ նշանավոր Վարդերի պարտեզը և ոչ մեծ բանջարանոցն առաջվա պես մեծ հոգատարությամբ խնամվեն»:
Աղբյուրը գրում է, որ 2009 թվականին Միշել Օբաման ամերիկացի դպրոցականների հետ միասին բանջարեղենի փոքրիկ մարգեր Է գցել Սպիտակ տան Հարավային բացատում: Միշելն ստանձնել Է բանջարանոցի խնամքը և ութ տարվա ընթացքում այստեղ աճեցրել բանջարեղեն, կանաչի և համեմող մշակաբույսեր՝ բատատ, հազար, բրոկոլի, սպանախ, անանուխ, բազուկ, սոխ, սամիթ, խավարծիլ, ոլոռ և դդում: Մարգերի երկայնքով աճում Էին միամյա ծաղիկներ: Բանջարանոցը դարձավ այն արշավի հիմնական բաղադրիչներից մեկը, որը Միշել Օբաման ծավալել Էր ի պաշտպանություն երեխաների և դեռահասների առողջ սննդի, այդ թվում՝ ճարպակալման դեմ պայքարի նպատակնով:
Առաջին տիկինը Սպիտակ տան այգում ուսուցողական Էքսկուրսիաներ Էր անցկացնում դպրոցականների համար, իսկ երեխաները նրան օգնում Էին հարուստ բերք հավաքել աշնանը:
«Ես շատ եմ հպարտանում նրանով, որ այդ ոչ մեծ բանջարանոցը կարելի Է համարել մեր հույսերի խորհրդանիշը, որ Ամերիկան ավելի ու ավելի անվտանգ կլինի երեխաների առողջության տեսակետից։ Ես մեծ հույս ունեմ, որ հաջորդ բոլոր նախագահական ընտանիքները նույնպես կզբաղվեն բանջարանոցի խնամքով»,- ասել Է Միշելը: