Տիգրան Աբրահամյան. Լարվածությունն աճում է, հայկական զինուժը պատժիչ գործողություններ է կատարում
Այս գիշեր՝ փետրվարի 12-ին և լույս 13-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Ըստ ԼՂՀ ՊԲ հաղորդման՝ հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ:
Panorama.am-ը մի քանի հարց տվեց քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանին, ով վերջերս նաև իր ֆեյսբուքյան էջում ակտիվ վերլուծում է շփման գծում տիրող իրավիճակը:
Panorama.am.-Պարոն Աբրահամյան, շփման գծում հակառակորդը կրկին հրետանային միջոցներ է կիրառում՝ ականանետեր, հրանոթներ: Ու թեև ՊԲ-ն հաղորդում է, որ հայկական ստորաբաժանումները անհրաժեշտ քայլեր են ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար, այնուամենայնվ՝ ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի նման ակտիվացումը:
Տ.Աբրահամյան.Հրետանու ակտիվացումը հիմնականում երկու գործոնով է պայմանավորված. առաջին, շփման գծի ողջ երկայնքով հայկական զինուժը տեխնիկական սարքավորումների զինման ծավալուն գործընթաց է իրականացնում, որի պարագայում դիվերսիոն հետախուզական խմբերի գործողությունները ոչ էֆեկտիվ են դարձել: Իսկ Ադրբեջանը վերջին տարիներին, հիմնական սադրանքները հենց դիվերսիոն գործողությունների միջոցով էր իրականացնում:
Միաժամանակ կարող ենք արձանագրել, որ այն ուղղություններում որտեղ դիտարկման ժամանակակից սարքեր են տեղադրված, այնտեղ դիվերսիոն գործողությունների շրջափուլն ավարտվել է:
Երկրորդ, ակնհայտ է, որ Ադրբեջանը վերջին շրջանում կոշտացնում է իր դիրքորոշումը, ինչը ենթադրում էր շփման գծում իրականացվող քաղաքականացման կոշտացում: Իսկ դա առաջին հերթին ենթադրում է առաջնագծում կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծացում:
Panorama.am. Ի՞նչ վտանգավոր զարգացումներ են տեսանելի այդ կոշտացումից:
Տ.Աբրահամյան. Առաջնագծի ռազմականացումը շարունակվում է, այն առավել ընդգծված բնույթ է կրում հատկապես վերջին 1-2 ամիսներին: Ադրբեջանը տարաբնույթ միջոցառումների անվան տակ, իսկ որոշ դեպքերում առանց գործընթացի ձևական կողմը պահելու, առաջնագիծն անընդհատ նոր ուժերով է համալրում:
Բացի տեխնիկական միջոցների համալրումից բավականին ակտիվ են հատուկ նշանակության ստորաբաժանումները, հատկապես նրանց կազմում գործող դիպուկահար խմբերը, որոնք առաջնագծում մշտական լարվածություն են ստեղծում:
Panorama.am. Վերջին շրջանում սահմանագծին մի շարք միջադեպեր գրանցվեցին, եղան վիրավորներ, զոհեր...: Ի՞նչ հակազդող քայլեր կան, որոնց մասին դուք կարող եք բաց խոսել:
Տ.Աբրահամյան. Բացի նրանից, որ պաշտպանության բանակի պաշտոնական հաղորդագրություններում ժամանակ առ ժամանակ ակնարկվում է իրականացվող պատժիչ գործողությունների մասին, հայկական զինուժի հակազդման մասին կարելի է կարծիք կազմել վերլուծելով ադրբեջանական ԶԼՄ-ների լրահոսն ու սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները:
Ճիշտ է՝ ԶԼՄ-ներում տեղեկատվությունն այդքան էլ հարուստ չէ հատկապես ռազմական ոլորտին վերաբերող լուրերով, սակայն սոցիալական ցանցերը, որտեղ չկա այն վերահսկողությունը, որը կա լրատվամիջոցներում, շատ ժամանակ վերլուծության և տեղեկացվածության համար հարուստ նյութեր է մատուցում:
Վերջին օրերին, ադրբեջանական լրահոսում կարելի է գտնել բանակում գրանցված մահվան ելքով մի շարք միջադեպերի՝ «տարբեր փաթեթավորմամբ»:
Մեր հասարակության համար, իհարկե, կարևոր է և հետաքրքիր, թե հայկական զինուժը որ ուղղությամբ և կոնկրետ ինչ պատժիչ գործողություններ է իրականացրել, սակայն դրանց մանրամասն լուսաբանումները ոչ միշտ է նպատակահարմար, քանի որ փակ տեղեկատվության էլեմենտներ են պարունակում:
Հարակից հրապարակումներ`
- Շփման գծում արձանագրվել է լարվածության աճ
- Բոլորը պետք է վստահ լինեն՝ մեր Զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը շփման գծում. Վիգեն Սարգսյան
- Շփման գծում ակտիվ գործել են ադրբեջանական դիպուկահարները. ԼՂՀ ՊՆ
- Շփման գծում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների աճ. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին