Ստորագրվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ստորագրեցին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը:
Նախքան ստորագրելը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ նոր Սահմանադրության պայմաններում ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններ են, որոնց միջոցով ձևավորվելու է իշխանություն:
«Չմասնակցել կարևորագույն քաղաքական գործընթացին, չպայքարել քաղաքացու ընտրական իրավունքի իրացման համար, անթույլատրելի է: Չպայքարել չենք կարող: Երեք փորձառու պետական գործիչները միավորվում են նոր որակի իշխանություն ձևավորելու, ինքնիշխանությունը պահպանելու, արմատական բարեփոխումների համար: Սա միավորում է, որտեղ կուտակված է պետական կառավարման փորձը, իրագործվող տեսլականը: ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին»,- ասաց նա՝ հավելելով, որ դաշինքը բաց է քաղաքական ուժերի, քաղհասարակության համար:
Դաշինքային համաձայնագիր
Գիտակցելով, որ մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում,
Ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով,
Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի լայն համախմբում,
Կարևորելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների դերն ու նշանակությունը,
Մենք կնքում ենք դաշինքային համաձայնագիր և ԱԺ ընտրություններին մասնակցելու ենք միասին:
Սույն համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածում ներկայացված «Նոր օրակարգը»:
Դաշինքային համաձայնագիրը բաց է քաղաքական ուժերի, հասարակական միավորումներ, քաղաքացիական շարժումների և ՀՀ ու ԼՂՀ ապագայով մտահոգ քաղաքացիների համար:
Սեյրան Օհանյան Րաֆֆի Հովհաննիսյան Վարդան Օսկանյան
Հարակից հրապարակումներ`
- Դալլաքյան. Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակում առաջին տասից յոթը «Համախմբում»-ից են
- Դալլաքյան. Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվածությունները տեղի չեն ունեցել
- «Ժառանգությունը» ընտրություններին կմասնակցի «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով
- Մարտիրոսյանը՝ Փոստանջյանի հայտարարության մասին. «Լավ է արել, ի՞նչ անեմ»
- Զարուհի Փոստանջյան. Ես չեմ պատրաստվում միանալ որևէ միավորի
- «Ժառանգություն»-ը կբանակցի ԵԼՔ-ի և Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան դաշինքի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին