Բեյլը վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում
«Ռեալի» կիսապաշտպան Գարետ Բեյլը վնասվածքից ապաքինվել է և շուտով կրկին կհայտնվի խաղադաշտում։ Այս մասին հայտնում է football.ua-ն՝ հիշեցնելով, որ Բեյլը վնասվածք է ստացել նոյեմբերին, Լիսաբոնի «Սպորտինգի» հետ Չեմպիոնների լիգայի խաղում, որում մադրիդյան թիմը հաղթել է 2։1 հաշվով։ Ուելսցին վնասել է կոճը, որի պատճառով վիրահատվել է։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն սպասում էր, որ Գարետը պատրաստ կլինի «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպմանը, որը կկայանա մարտի 7-ին, սակայն երևում է՝ ֆուտբոլիստի վերականգնումն ավելի արագ է ընթանում։
Երեկ Գարետն արդեն մարզվել է ընդհանուր խմբում։
Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը Չեմպիոնների լիգայում անցկացրած 5 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։
«Ռեալի» ու «Նապոլիի» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 15-ին։