Մոուրինյոն դժգոհում է. «Սաուտհեմփթոնը» կհանգստանա, իրենք՝ ոչ
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անարդար է համարում, որ փետրվարի 26-ին կայանալիք Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումից առաջ «Սաուտհեմփթոնը» հանգստանալու հնարավորություն կունենա, իսկ իր թիմը ստիպված կլինի այս ցուրտ եղանակին մարզվել և հանդիպումներ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:
«Առջևում Եվրոպա լիգայի խաղարկության հանդիպումներն են, իսկ հետո՝ լիգայի գավաթի եզրափակիչը: Չեմ կարծում, որ կա մի թիմ, որը պետք է ժամանի «Ուեմբլի» և միաժամանակ տխուր լինի: Սակայն խնդիրն այլ է. «Սաուտհեմփթոնը» մի քանի օր հանգստի հնարավորություն ունի: Կգնան գեղեցիկ մի վայր, որտեղ կլինի լավ եղանակ ու կնախապատրրաստվեն եզրափակչին:
Նրանց հաջորդ խաղը եզրափակիչն է, իսկ ահա մենք դեռ պետք է 3 հանդիպում անցկացնենք: Պետք է մարզվենք այս ցրտաշունչ եղանակին՝ վատ մարզադաշտերում, քանի որ եղանակային պայմանների պատճառով խոտածածկերը շատ վատ վիճակում են: Մեր իրավիճակը հեշտերից չէ: Այդուհանդերձ, պետք է հաճույք ստանանք մեր ցուցադրած խաղից»,- ասել է Մոուրինյոն: