Ի՞նչ է հորդորել նախարարը ևս երեք մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներին
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մոտ կայացել է քննարկում՝ հեծանվային սպորտի, նետաձգության և առագաստանավային սպորտի մասսայականացման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ:
Նախարարը նշված մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ այսօրվա քննարկումը մեծամասամբ վերաբերում է մարզաձևերի մասսայականացման և տարածման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացմանը:
«Սպորտի բարձրագույն նվաճումները Ձեր ամենօրյա աշխատանքն են, հիմա անհրաժեշտ է մտածել նաև սպորտի մասսայականացման ուղղությամբ: Խնդրում եմ ուսումնասիրել Հայաստանի տարբեր տարածաշրջանների, խոշոր քաղաքների, բնակավայրերի հնարավորությունները, դրանց բնակլիմայական պայմանները, օգտագործել տեղի մարզչական ներուժը»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ռոստոմյանը հորդորել է կատարված ուսումնասիրություններից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել ծրագրեր՝ իրենց ղեկավարած մարզաձևերի զարգացման և մասսայականացման համար:
«Ծրագրերի իրագործմանը կաջակցի նաև մեր նախարարությունը: Այստեղ ամենաառանձնահատուկը առագաստանավային սպորտն է, որով զբաղվելու համար ջրային համապատասխան պայմաններ են անհրաժեշտ: Եվ, ի տարբերության դրա, ամենամասսայականը կարելի է գնահատել հեծանվային սպորտը, որով զբաղվելը համեմատաբար մատչելի է: Ես այս մարզաձևի տարածման կոնկրետ առաջարկների եմ սպասում»,- ասել է Ռոստոմյանը:
Նախարարի խոսքերով՝ վերոհիշյալ մարզաձևերի մասսայականացման և զարգացման ուղղությամբ համակարգային մոտեցման շնորհիվ հնարավոր կլինի նաև նպաստել էկոտուրիզմի և սպորտային տուրիզմի զարգացմանը մեր երկրում: