Արցախի օմբուդսմենը Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է Ապրիլյանում Ադրբեջանի վայրագությունները
Այսօր Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանում, տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի մամուլի ասուլիսը։
Ասուլիսի մեկնարկին Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Արցախի քաղաքացիների համար շատ կարևոր է, որպեսզի Եվրոպայի գործընկերների համար լսելի լինի իրենց ձայնը։
Արցախի օմբուդսմենը նշեց, որ Եվրոպական խորհրդարանում հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների հետ ու ներկայացրել է իր վերջին զեկույցը, որն անդրադառնում է 2016թ․-ի ապրիլին Ադրբեջանի իրականացրած վայրագություններին։
«Ես հատկապես ընդգծեցի մարդու իրավունքների սիստեմատիկ խախտումներն ապրիլյան պատերազմի ժամանակ, որի վկայությունն է այն, որ Ադրբեջանի հսկողության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի բնակչության 90 տոկոսը եղել է խոշտանգված, սպանված կամ խեղված։ Այս ամենը տեղի է ունեցել Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի բոլոր ուղղություններով՝ Թալիշ գյուղում, որը ապրիլյան պատերազմի խորհրդանիշն է դարձել, ինչպես նաև ագրեսիայի մյուս ուղղություններով»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Արցախի օմբուդսմենը նշեց, որ Եվրոպական խորհրդարանում ներկայացրել է իր զեկույցի ոչ միայն հրապարակային տարբերակը, այլ նաև սահմանափակ հասանելիություն ունեցող տարբերակը, որում մանրամասնորեն անդրադարձ է կատարվում յուրաքանչյուր զոհին։ Ռուբեն Մելիքյանը նշեց, որ սա շատ տագնապալի իրավիճակ է մարդու իրավունքների համայնքի ու Եվրոպայի համար՝ ընդգծելով, որ Եվրոպան՝ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցները, պետք է անմիջական ներգրավվածություն ունենան ու ուսումնասիրեն, թե ինչ է կատարվում նաև Լեռնային Ղարաբաղում։
«Սա շատ վտանգավոր է, քանի որ Ադրբեջանը մտածում է, որ կարող է իրականացնել այն ամենն ինչ կցանկանա ու այդ ամենը հնարավոր չի լինի անկախ ձևով հաստատել»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Օմբուդսմենը Եվրոպական խորհրդարանի անդամների հետ քննարկել է նաև օրերս Բելառուսից Ադրբեջան արտահանձնված Ալեքսանդր Լապշինի հարցը, որը, ինչպես ասաց Մելիքյանը, «ազատ խոսքը լռեցնելու ու դեպի Արցախ այցը վտանգավոր դարձնելու փորձ էր»։
«Սա ևս մարդու իրավունքների շատ վտանգավոր հարց է, սա ոչ միայն Լապշինի հարցն է, այլ նաև այն բոլոր մարդկանց, ովքեր եղել են կամ լինելու են Արցախում։ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները բազմիցս ապացուցել են, որ պատրաստ են լինել առավել ներգրավված Եվրոպայում, ստանձնել Եվրոպական արժեքները և նրանք արժանի են ունենալ այդ հնարավորությունը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան