Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն նանոտեխնոլոգիաների ոլորտում
Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի (Iran Nanotechnology Initiative Council) հրավերով փետրվարի 11-ից 13-ըտեղի է ունեցել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի գլխավորած պատվիրակության այցը Իրան:
Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ Իրանի նանոտեխնոլոգիաների ոլորտի կառույցներին, դրանց հետազոտական և արտադրական գործունեությանը, ուսումնասիրել նանոտեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի պատվիրակությունն այցելել է Իրանի նանոտեխնոլոգիաների նախաձեռնությունների խորհրդի գրասենյակ, որտեղ հանդիպումներ են կայացել պրոֆեսորներ՝ խորհրդի միջազգային համագործակցության և նանոստանդարտացման հանձնաժողովների տնօրեն Ալի Բեիտոլլահի, խորհրդի գլխավոր քարտուղար Սաեեդ Սարկարի, խորհրդի արդյունաբերության և շուկայի զարգացման տնօրեն, Իրանի բարձր տեխնոլոգիաների լաբորատոր ցանցի տնօրեն Ռեզա Ասադիֆարդի հետ։ Հատուկ շեշտադրվել է, որ Իրանում նանոտեխնոլոգիաների ոլորտը ճանաչված է տնտեսության զարգացման գերակա ուղղություն և երկիրը նանոգիտության բնագավառում մեծ հաջողությունների է հասել` ներկայում աշխարհում գրավելով առաջատար դիրքեր:
Նանոտեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուների հետ հանդիպումների արդյունքում, կողմերը նախաստորագրել են նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական երկկողմ համագործակցության փոխըմբռնման հուշագիր:
Աղբյուրը նշում է, որ առաջիկայում հուշագիրը կստորագրեն ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի նախագահը։ Հուշագրի ստորագրումից հետո կմշակվի գործողությունների ծրագիր` հստակ ժամկետներով և ակնկալվող արդյունքներով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան