Հարավկուրիլյան կղզիները Ճապոնիային փոխանցելու դեպքում դրանք կպաշտպանվեն ԱՄՆ կողմից
Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան խորհրդարանում անուղղակիորեն հաստատել է, որ Հարավային Կուրիլների կղզիներն իրենց փոխանցելու դեպքում դրանց վրա կտարածվեն ԱՄՆ ստանձնած պարտավորությունները՝ համաձայն ճապոնա-ամերիկյան փոխգործակցության և անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի հինգերորդ հոդվածի: Դա նշանակում է, որ ԱՄՆ պարտավոր կլինի պաշտպանել այդ կղզիներն այնպես, ինչպես Ճապոնիայի ամբողջ տարածքը:
Ռիա նովոստիի հաղորդմամբ, Կիսիդան այսպիսով պատասխանել է խորհրդարանում հնչած հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի կողմից կղզիները հանձնելու դեպքում դրանց վրա կտարածվի ճապոնա-ամերիկյան պայմանագիրը:
Տոկիոն հավակնություններ ունի հարավկուրիլյան Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմաի կղզիների նկատմամբ, դրանց հանձնումը որպես նախապայման է առաջ քաշում Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար, որը չի ստորագրվել Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո: Ներկայումս երկու երկրների կառավարություններն ակտիվացրել են համագործակցությունը և բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ, այդ թվում պատրաստվելով քննարկել հարավային Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեության հնարավորությունը:
Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ հարավային Կուրիլները ԽՍՀՄ կազմ են մտել Երկրորդ աշխարհամարտի արդյունքներով, իսկ ռուսաստանյան տիրապետությունն ունի համապատասխան միջազգային-իրավական ձևակերպում: Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը Ճապոնիայի վարչապետի հետ բանակցությունների նախաշեմին հայտարարել էր, որ Մոսկվան առևտուր չի անում իր տարածքներով, առանցքային համարելով խաղաղության պայմանագրի կնքումը:
Օրերս Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Վաշինգտոնում բանակցություններ էր վարել Դոնալդ Թրամփի հետ, հավաստիացումներ ստացել, որ ԱՄՆ-ը հավատարիմ է անվտանգության ոլորտում Ճապոնիայի առջև ստանձնած պարտավորություններին: Նաև վերջերս ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հաստատել է ԱՄՆ մտադրությունը նոր վարչակազմի օրոք կատարել Ճապոնիայի պաշտպանության պարտավորությունները, այդ թվում Չինաստանի կողմից վիճարկվող Սենկակու կղզիների հարցում, դրանք չինացիները համարում են իրենց տարածք և անվանում Դյաոյույդաո: Թիլերսոնն ընդգծել է, որ այդ կղզիախումբը գտնվում է Ճապոնիայի իրավասության ներքո և դրա վրա տարածվում է ճապոնա-ամերիկյան պայմանագրի հինգերորդ հոդվածը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին