«Օրինապահի» կարգավիճակ՝ 20 հարկ վճարողի. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը փետրվարի 14-ին հավաստագրեր է շնորհել այն տնտեսվարողներին, որոնք համապատասխանում են «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակին,- այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Ստվերում գործող կազմակերպությունների անունները հնչեցնելու կողքին պետք է հանրությանը ներկայացնենք նաև պարտավորությունները պարտաճանաչ կատարող տնտեսվարողներին։ Մեր երկրում առաջին անգամ կազմակերպվող այս նախաձեռնության շրջանակում կոմիտե է դիմել 26 հարկ վճարող, որոնցից 20-ը բավարարել են պայմաններին: Այսինքն՝ սահմանված կարգով hարկային և մաքսային մարմիններ են ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված հաշվարկներ, փաստաթղթեր ու տեղեկություններ, ժամանակին են կատարել hարկերի, տուրքերի և այլ վճարների վճարումը: Որոշիչ հանգամանք է նաև պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների ու իրավախախտումների բացակայությունը: «Կատարելով վարչապետի հանձնարարականը՝ ՊԵԿ-ը կարճ ժամանակում մշակել է օրինապահ հարկ վճարողի կարգավիճակի շնորհման կարգը, իսկ Կենտրոնական բանկն աշխատել է տնտեսվարողներին բանկային ծառայություններից արտոնյալ պայմաններով օգտվելու հնարավորության ընձեռման ուղղությամբ»,- նշել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը։
ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը նշել է, որ Կենտրոնական բանկի պաշտոնական դիրքորոշումն արդեն առկա է. «Օրինապահ հարկ վճարողների նկատմամբ բանկերն առավել մեղմ ռիսկային չափանիշներ կկիրառեն, հետևաբար նաև՝ մեղմ և անտեսանելի վարչարարություն: Օրինապահ հարկ վճարողներն իրենց կարգավիճակով պետք է տարբերվեն»: