Ֆրանսիայի դեսպանը՝ ԼՂ խնդրի մասին
«Մինսկի խմբի համանախագահները ջանքեր չեն խնայում, որպեսզի նորից հաստատվեն երկխոսության հնարավորություններ»: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն:
Նա ընդգծեց, որ ԼՂ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուց զատ այլ ճանապարհ չունի:
«Ես պնդում եմ, որ հակամարտության լուծումը կարող է գտնվել միայն բանակցային ճանապարհով: Ես ինչու եմ սա ասում, քանի որ փորձ ունենք, որ 20-րդ դարում կան հակամարտություններ, որոնք լուծվել են բանակցային ճանապարհով»,-ասաց նա:
Դեսպանն անընդունելի համարեց ստեղծված իրավիճակը:
«Մենք կարծում ենք, որ ստեղծված առկա իրավիճակը չի կարող ընդունելի լինել հակամարտող կողմերից որևէ մեկի համար, քանի որ երկուստեք կան զոհեր: Զոհեր եղան ոչ միայն ապրիլյան պատերազմի ընթացքում, զոհեր գրանցվում են նաև այսօր շփման գծում: Այս իրավիճակն այլևս չի կարող շարունակվել»,-ասաց դեսպանը:
Դրան հասնելու համար, դեսպանը կարևորեց ամենատարբեր մակարդակներով հանդիպումների ընթացքում կայացած հանձնառությունների իրագործումը:
«Այս համատեքստում կարևոր է գիտակցել մի հանգամանք, հակամարտության կարգավորումը կախված է ոչ թե միջնորդներից, այլ հակամարտող կողմերի ցուցաբերած կամքից: Ֆրանսիան պատրաստ է հյուընկալել հանդիպում, երբ կլինի քննարկելու շոշափելի նյութ: Դրա մասին օրեր առաջ հայտարարեց նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը»,-ասաց նա:
Լրագրողներն ընդգծեցին, որ հրադադարի ռեժիմի խախտումները դատապարտող հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խումբը հավասարության նշան է է դնում կողմերի միջև, չի նշում խախտող կողմի անունը, ինչից հաճախ դժգոհում է Հայաստանը: Ի պատասխան դեսպանը խորհուրդ տվեց, վերջին 1-1.5 տարվա ընթացքում համանախագահների հայտարարություններն ուշադիր կարդալ, այնտեղ տողատակեր և ուղերձներ կան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում