Արամ Սարգսյանն այս անգամ կգնա խորհրդարան
«Մեզ համար այս ընտրություններն այս փուլում իր մեջ ներառում է երկու խնդիր. առաջին և ամենահիմնական խնդիրը քարոզարշավի ընթացում այնպես անել, որպեսզի ունենանք մաքսիմալ քվե, երկրորդ խնդիրը՝ կարողանանք պահել այդ քվեն»,- «Ելք» դաշինքի՝ ընտրությունների համամասնական ցուցակի առաջին երեք անդամներին քվեարկությամբ ընտրելու ժամանակ լրագրողներին ասաց դաշինքի անդամ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը:
Պատասխանելով հարցին, թե դուք «Արդարություն» դաշինքի կազմում բոյկոտում էիք, ՀԱԿ-ի դեպքում վայր դրեցիք մանդատը, այս անգամ գնալո՞ւ եք խորհրդարան, նա ասաց. «Այն երկու ընտրությունների ժամանակ Հայաստանում գործում էր այլ Սահմանադրություն, խորհրդարանի գինն ու արժեքը բացարձակ ուրիշ էր: Նոր Սահմանադրությամբ, որին ես կողմնակից չեմ եղել, Հայաստանի ապագա կառավարության ձևավորման միակ աղբյուրն է, քաղաքական ուժը չի կարող կառավարության ձևավորման գործընթացին չմասնակցել: Այո, մնալու եմ»:
Հարցին, եթե Ազգային ժողովում ձևավորեք մեծամասնություն, ո՞վ է լինելու «Ելք» դաշինքի վարչապետի թեկնածուն, Ա. Սարգսյանն ասաց, որ «Ելք» դաշինքը մեծամասնություն ձևավորելուց հետո կոնսենսուսով կորոշի վարչապետի իր թեկածուին: Նա նշեց, որ ոչ նախագահի, որ ԱԺ նախագահի թեկնածուներին նույնպես չեն որոշել:
Հարցին, թե Սեյրան Օհանյանն ընդդիմադի՞ր է, Ա.Սարգսյանն ասաց. «Այդ հարցին պատասխանելու համար պետք է նայել նշյալ դաշինքի («Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան») գործունեությանը: Ընդհանրապես, այդպես է՝ ծառին ճանաչում են պտղով: Երբ որ ծառը պտուղ կտա, ըստ դրա էլ կորոշենք ՝ընդդիմադիր է, թե ոչ: Բարդ հարց է: Եթե մարդ, իմ կարծիքով, մտնում է ընդդիմադիր դաշտ, պետք է խոստովանի, որ 2008 թվականին 1200 քաղբանտարկյալ կար, և ինքը չի ասել, որ դրանք քաղբանտարկյալ են: Այն ժամանակվա քաղբանտարկյալներն իսկապես քաղբանտարկյալներ էին, բառիս բուն իմաստով»:
Նա նշեց, որ դաշինքի մոտեցումը մոտ է ՀՀԿ-ին, կարող են միասնական մասնակցել ընտրություններին՝ նույն գաղափարական հենքի վրա են, նույն ճանապարհով գնացող:
Հարակից հրապարակումներ`
- «Ելք» դաշինքը ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու բանակցություններ չի վարել. Նիկոլ Փաշինյան
- «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է Էդմոն Մարուքյանը
- «ԵԼՔ» դաշինքն ընտրում է համամասնական ցուցակի առաջին երեք անդամին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները