Իսկոն չի ընդունել «Ռեալի» առաջարկը
«Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ակումբի հետ պայմանագրի երկարաձգմանը միտված բանակցություններ կվարի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։ «Ռեալի» հետ 24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսկոն հաստատ որոշել է հեռանալ մադրիդյան ակումբից։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, երկու ամիս առաջ կիսապաշտպանը մերժել է «Արքայական ակումբի» հետ նոր պայմանագրի ստորագրման առաջարկը և ակումբի ղեկավարությանը տեղեկացրել, որ ամռանը ցանկանում է հեռանալ։
Սկզբում ֆուտբոլիստը տրամադրված էր՝ երկարաձգելու պայմանագիրը «Ռեալի» հետ, սակայն ավելի ուշ Իսկոն դժգոհություն է հայտնել, որ «Արքայական ակումբը» հիմնական կազմի ֆուտբոլիստների հետ պայմանագրերի երկարաձգման փուլում՝ մրցաշրջանի մեկնարկում համանման առաջարկով չի դիմել իրեն։ Աղբյուրի համաձայն՝ ակումբի ղեկավարությունը, այնուամենայնիվ, դիմել է Իսկոյին, սակայն վերջինս մերժել է՝ իր որոշումը բացատրելով խաղային պրակտիկայի բացակայությամբ։