Վստահ եմ, որ ԿԸՀ-ը ճիշտ եզրակացությունների է հանգել վերջին ընտրություններից և հանրաքվեից հետո. Սվիտալսկի
Հետխորհրդային այլ երկրների հետ համեմատած՝ Հայաստանում ընտրարշավը բավականին ազատ է։ Այսօր «Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունների հանձնարարականների հետ կապված հետագա քայլերը» թեմայով համաժողովի ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։
«Այստեղ լրատվամիջոցները շատ ազատ են, որպես դիվանագետներ մենք դա տեսնում ենք։ Լրատվամիջոցները բավականին հաճախ բարձրաձայնում են ի հայտ եկած խնդիրների մասին, ինչը շատ կարևոր է, բայց լինում են երբեմն նաև ճնշումներ նրանց վրա»,-նշեց նա։
Ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ և դրանցից հետո ստացվող բողոքներին, դեսպանի խոսքով՝ դրանք միշտ լինելու են, եթե անգամ ամեն ինչ կատարյալ լինի. «Մենք պետք է պատրսատ լինենք դրան, շատ կարևոր է պատշաճ մեխանիզմներ ունենալ բողոքներ ընդունելու։ Վստահ եմ, որ ԿԸՀ-ը ճիշտ եզրակացությունների է հանգել վերջին ընտրություններից և հանրաքվեից հետո։ Կարևոր է բաց լինել բողոքների համար և դրանց արձագանքել արագ, նույնիսկ քվեարկության օրը։ Միշտ կասկածների տեղ է մնում, եթե բողոքները արագ չեն քննության առնվում կամ տարբեր վարչական պատճառաբանություններով ընդհանրապես չեն լուծվում»։
ԵՄ դեսպանը տեղեկացրեց, որ միջազգային հաշվետվություններից ելնելով, ընտրությունների վրա ստվեր գցող ասպեկտ է նաև ընտրական տեղամասերի շրջակայքում տարբեր մարդկանց կողմից ճնշումների փորձերը, նույնիսկ եթե դրանք շատ աննշան են եղել, միշտ ազդում են ընտրությունների որակի վրա։
«Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Եվրամիությունը շատ հետաքրքրված է ընտրությունների արդյունքներով։ Հուսով ենք, որ այս ընտրությունները նոր էջ կբացեն ժողովրդավարական ինստիտուտների կառավարման գործում։ Մենք շատ տպավորված ենք համագործակցության ոգուց, որ տեսնում ենք բոլոր շահագրգիռ կողմերի՝ իշխանությունների, ընդդիմադիր կուսակցությունների, ժողովրդավարական ինստիտուտների և քաղհասարակության մոտ։ Եթե կարողանանք այս ամենադժվար ժամանակը լավ անցնել, որը հիմա է սկսվում, ապա կարող ենք ակնկալել Հայաստանի ժողովրդավարական զարգացման նոր էջ»,- ամփոփեց Պյոտր Սվիտալսկին։
Նշենք, որ համաժողովը կազմակերպվել էր «Երկարաժամկետ ընտրական աջակցություն Հայաստանում ընտրությունների հետ առնչվող շահագրգիռ կողմերին» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի Արևելյան գործընկերության երկրների համար 2015-2017թթ. Ծրագրային համագործակցության կառուցակարգի շրջանակներում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան