Արամ Հայրապետյան. «Կարծում եմ` 7 թիվը հաջողակ է»
Դարպասապահ Արամ Հայրապետյանը «Բանանց» վերադառնալուց հետո առաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական կայքին: Նա շեշտել է, որ «Արարատի» հետ պայմանագրի ավարտից հետո ներքին ձայնն իրեն կարծես հուշել է վերադառնալ նախկին թիմ, որն առաջինն է եղել Հայաստանի առաջնությունում:
«Պետք է լավ խաղ ցույց տամ և արդարացնեմ մարզչի բոլոր ակնկալիքները: Թիմը, տղաները, մարզիչներն ինձ դուր են գալիս և ամեն ինչ լավ է: Առաջին պրոֆեսիոնալ ակումբս «Սոչի-04»-ն էր, հետո թիմը ցրվեց և ես տեղափոխվեցի Ռուսատանի երկրորդ դիվիզիոնի թիմեր և այնտեղ հանդես եկա հինգ մրցաշրջան: Երկու մրցաշրջան անցկացրեցի Կեմերովոյում, ապա ևս երկու մրցաշրջան` Կոմսոմոլսկի «Սմենայում»:
Ի դեպ` այդտեղ խաղում էի առանց փոխարինման և բավական շատ խաղային պրակտիկա ձեռք բերեցի: Հետո ինձ նկատեցին և գործակալն առաջարկեց տեղափոխվել Հայաստան: Այդպես հայտնվեցի «Բանանցում»: «Արարատում» 77 համարով էի հանդես գալիս: Կարծում եմ` 7 թիվը հաջողակ է: «Բանանցում» էլ 2014 թ. խաղում էի 71 համարով: Այստեղ Արամ Լոռեցյանի կողմից զբաղեցրած էր 77 համարը և ես ընտրեցի 70-ը:
Մասնակցեցի «Կայսարի» հետ ընկերական հանդիպմանը: Խաղաոճը բոլորոովին այլ է և ես հարմարվում եմ դրան: Արթուր Ոսկանյանը պահանջում է, որ միայն փոխանցումներով սկսենք գրոհները և միայն ծայրահեղ դեպքերում եմ հեռացնում գնդակը: Կարծես թե ստացվեց, դարպասս անառիկ պահեցի, բայց սա միայն ընկերական խաղ էր և գլխավորը պրակտիկա ձեռք բերելն է, իսկ դա հնարավոր է միայն խաղերի միջոցով»,- ասել է Հայրապետյանը: