Պատանի դահուկորդները հանձնեցին հերթական քննությունը` Էրզրումում
Էրզրումում շարունակվում է 13-րդ Եվրոպական պատանեկան օլիմպիական ձմեռային փառատոնը: Այսօր՝ փետրվարի 14-ին, մեր դահուկավազորդներն ուժերն են փորձել ազատ ոճում: Մրցուղի է դուրս եկել նաև լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը:
Դահուկավազքի տղաների մրցաշարում 10 կմ ազատ ոճում Միքայել Միքայելյանը զբաղեցրել է 15-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 7.5 կմ ազատ ոճում 41-րդն էր: Լեռանդահուկային սպորտի մրցաշարում Հարություն Հարությունյանը մրցել է հսկա ոլորավայրէջքում և զբաղեցրեց 36-րդ տեղը:
Հիշեցնենք, որ երեկ անցկացված դասական ոճ մրցաձևում տղաների մրցաշարում Միքայել Միքայելյանը 7.5 կմ դասական ոճում 53 մասնակիցների մեջ զբաղեցրել էր 25-րդ տեղը, իսկ աղջիկների պայքարում Գոհար Թադևոսյանը 5 կմ դասական ոճում 40-րդն էր:
Փառատոնն անցկացվում է փետրվարի 11-ից 18-ը, որին մասնակցում են ավելի քան 800 մարզիկներ 40 երկրներից: Այն անցկացվում է 9 մարզաձևում: Հայ դահուկորդների հաջորդ մրցելույթը փետրվարի 16-ին է: