Էմիլ Բաբայան. Աշխատանքներ են տարվում ՄԻԵԴ-ում ապրիլյան պատերազմի գործերով Արցախի ձայնը լսելի դարձնելու համար
Արցախի պաշտպանությունը միայն պաշտպանության բանակի ուսերին թողնելը սխալ է: Յուրաքանչյուրս մեր ոլորտում, մասնագիտության շրջանակում ունենք անելիք, ամեն մեկս իր խրամատն ունի: Լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ Նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը, ով այսօր Երևանում մասնակցում է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին:
«Այժմ աշխատանքներ են տարվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ապրիլյան պատերազմի հետ կապված գործերով Արցախի ժողովրդի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ: Կլինի դա Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերով Արցախը որպես երրորդ կողմ ներգրավելու կամ որևէ այլ եղանակով, ժամանակը ցույց կտա»,-ասաց Արցախի նախագահի խորհրդականը:
Նրա խոսքով, միջազգային իրավունքի առումով բացթողում կա:
«Փաստորեն Արցախի Հանրապետության տարածքում տեղի են ունենում պատերազմական գործողություններ, սակայն Արցախի ձայնը լսելի չէ, քանի որ ֆորմալ առումով Արցախը դեռևս չճանաչված պետություն է: Մենք ուղիներ ենք փնտրում այս խնդիրը ինչ-որ կերպ լուծելու համար: Քանի որ բոլոր գործողությունները ծավալվել են Արցախի Հանրապետությունում, մեր կարծիքով ճիշտ չէ, գործերին ճիշտ լուծում տալու համար դատարանն ինքը կարիք ունի Արցախի, նրա ժողովրդի ձայնը լսելու»,-ասաց նա:
Էմիլ Բաբայանն ընդգծեց, որ ապրիլյան պատերազմում գրանցված մահվան յուրաքանչյուր դեպքի առթիվ Արցախում քրեական գործեր են հարուցվել, քննություն է իրականացվել, առկա են բոլոր փաստաթղթերը:
«Հարցն այստեղ ավելի շատ իրավական ոլորտին է վերաբերում: Մենք ունենք մի իրավիճակ, երբ բոլոր գործողությունները տեղի են ունենում Արցախում, սակայն Արցախի Հանրապետության ձայնը լսելի չէ: Սա անարդարացի մոտեցում է»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Նորից Ադրբեջան վերադառնալը ինձ համար մահ էր. Շահին Միրզոև
- Առանց ԼՂՀ մասնակցության, որևէ քայլ չի կարող կատարվել. Շավարշ Քոչարյան
- Շավարշ Քոչարյան. Կարևոր է նման միջոցառումը, քանի որ Ադրբեջանի ջանքերով շատ բաներ մոռացվում են, աղավաղվում
- Երևանում ընթանում է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան