ԵԽ պատգամավոր․ Լապշինին նման ձևով տեղափոխման համար նա պետք է նվազագույնը լիներ ահաբեկիչ
Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի նստաշրջանի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի մամուլի ասուլիսը, որը կարելի է պատմական որակել։
Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում ներկայացրեց 3 հիմնական ուղերձներ․ ամփոփեց պատգամավորների ու իրավապաշտպան կառույցների հետ հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվել է մասնավորապես 2016թ․-ի ապրիլին Ադրեջանի իրականացրած վայրագությունների զեկույցը, Ալեքսանդր Լապշինի Ադրբեջան հանձնելու հարցն ու ազատ խոսքը լռեցնելու Ադրբեջանի փորձը և Եվրամիության կողմից Արցախում ներգրավվելու հնարավորություններն ու հեռանկարները, որը կլինի նաև Ադրբեջանի համար հետագա ոչ իրավաչափ վարքագծի կանխարգելման միջոց։
Ֆրանկ Էնգելը խոսեց Եվրոպական խորհրդարանում ընդունված մի քանի բանաձևերի մասին, որոնք կոչ են անում անմիջական կապ հաստատել Ղարաբաղի հետ, որոնց, սակայն, հետամուտ չեն լինում։
«Մենք փորձում ենք լրացնել այդ բացը կանոնավոր ձևով, այսօր դրանցից մեկն է, ինչը հեշտ չէ»,-ասաց Ֆրանկ Էնգելը։
Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը հարց է ուղղել Ֆրանկ Էնգելին՝ կապված Բելառուսից Ադրբեջան արտահանձնված Ալեքսանդր Լապշինի հետ՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով Լապշինին Բաքու տեղափոխման ժամանակ զինվորական պահակախմբի ներկայությանը։
«Երբ ես տեսա նկարները, ես դրանք ցույց տվեցի իմ գործընկերներին, հարցնելով, ինչ եք կարծում, ո՞ւմ են արտահանձնում։ Թվում էր, թե նվազագույնը պետք է լիներ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկիչներից մեկը։ Մարդիկ ապշահար են լինում, երբ տեղեկանում են, որ նա ընդամենը բլոգեր է։ Ապշեցնող է ինչպես սա, այնպես էլ այս ողջ պատմությունը։ Մենք գիտենք, թե ինչպիսի երկրների մասին է խոսքը»,-ասաց Ֆրանկ Էնգելն ու ավելացրեց, որ այս հարցում առկա էր նաև աշխարհաքաղաքական մի շարք մրցակցություն, երբ Ադրբեջանը, Բելառուսը ցանկանում էին ինչ-որ բան ապացուցել Ռուսաստանին։
«Ինձ համար զարմացնող է, որ մարդը կարող է մոլորակի վրա որևէ տեղ ձերբակալվել՝ մեկ այլ վայրում լինելու պատճառով։ Սա ուղղակի աներևակայելի է ու, իհարկե, անհամատեղելի մարդու իրավունքների, պաշտպանության, արտահանձնման մեր չափանիշների հետ: Այս հարցը մենք կբարձրացնենք Եվրոպական խորհրդարանում՝ որպես օրենքի գերակայությունից շեղում այն երկու երկրներում (Ադրբեջան, Բելառուս), որոնց հետ Եվրամիությունն ունի ֆորմալ հարաբերություններ՝ Արևելյան գործընկերության շրջանակներում»,-ասաց Ֆրանկ Էնգելը։
Ֆրանկ Էնգելը զուգահեռներ անցկացրեց նաև Ռամիլ Սաֆարովի գործի հետ, որում, ինչպես ասաց պատգամավորը, լիովին հստակ է, որ վճարումների դիմաց Հունգարիայի իշխանություններն արտահանձնեցին Սաֆարովին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան