Առանց ԼՂՀ մասնակցության, որևէ քայլ չի կարող կատարվել. Շավարշ Քոչարյան
Ադրբեջանի գործողությունները ապացուցում են, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանն այլընտրանք չկա: «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային աշխատաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացն Ադրբեջանի համար ընդամենն իմիտացիա է»,- հավելեց նա:
Շ. Քոչարյանի խոսքով, երբ մի կողմը որևէ փոխզիջման ոչ միայն պատրաստ չէ, այլ ավելին՝ Ղարաբաղի հարցը մի կողմ թողած, բացահայտ հայտարարում է իր հավակնությունները ՀՀ տարածքների նկատմամբ՝ ասելով, որ դրանք պատմական ադրբեջանական հողեր են, ծիծաղելի է:
«Այս իրավիճակը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացը գոյություն ունի եռանախագահների առաքելություններից մեկն իրականացնելու համար: Այդ առաքելություններից մեկն այս փխրուն զինադադարի պահպանումն է, ռազմական գործողությունների վերսկսման արգելափակումը, որը ևս կասկածի տակ է՝ հաշվի առնելով Ադրբեջանի մոտեցումները», - նշեց փոխնախարարը:
Խոսելով ԼՂՀ-ի բանակցությունների սեղանին վերադառնալու մասին, Շավարշ Քոչարյանն ասաց. «Եկեք ճիշտ հասկանանք, մի կողմից այն հանգամանքը, որ Ադրբեջանն ամեն ձևի խոչընդոտում է Ղարաբաղի մասնակցությանը, դա այն լակմուսային թուղթն է, որը ցույց է տալիս, որ ինքն երբեք այդ ամբողջ ընթացքում հակված չի եղել հարցի բանակցային կարգավորմանը: Մյուս կողմից՝ խնդիրը ֆորմալ մասնակցությունը չէ, այլ խնդիրն այն է, որ հակամարտող կողմերից մեկը չի տեսնում բանակցային գործընթացով հարցի կարգավորում: Սա է էությունը: Իհարկե, կարևոր է Արցախի մասնակցությունը: Եթե հանկարծ վերջապես Բաքվում խելքները գլուխները հավաքեն, առանց Ղարաբաղի մասնակցության որևէ քայլ չի կարող կատարվել», - ասաց Շ. Քոչարյանը:
Նա նշեց, որ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ Ադրբեջանն ամեն ինչի, ցանկացած արկածախնդրության պատրաստ է:
«Կարծում եմ, որ եթե Ադրբեջանի կողմից մի նոր փորձ կատարվի, այս անգամ արդյունքներն իր համար շատ ավելի ծանր կլինեն»,- ընդգծեց ՀՀ փոխարտգործնախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Շավարշ Քոչարյան. Կարևոր է նման միջոցառումը, քանի որ Ադրբեջանի ջանքերով շատ բաներ մոռացվում են, աղավաղվում
- Երևանում ընթանում է «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» թեմայով միջազգային կոնֆերանս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան