Փաստաբանների պալատը փաստաբան Շուշանյանի հարցով դիմել է արդարադատության նախարարին
Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում նշվում է հետևյալը.
«ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը փետրվարի 14-ին մերժել է կալանավորված անձ Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի տեսակցությունը։ Ըստ փաստաբան Մուշեղ Շուշանյանի՝ ՔԿՀ-ն չի թույլատրել տեսակցությունը պաշտպանյալի հետ, քանի որ փաստաբանը հրաժարվել է իր մոտ գտնվող փաստաթղթերի՝ քրեական գործի առնչությունը պարզելու նպատակով ուսումնասիրության համար տրամադրել ՔԿՀ աշխատակիցներին:
Փաստաբանների պալատը ՀՀ արդարադատության նախարարին ուղղված 15.02.2017թ. գրությամբ նշել է, որ ՔԿՀ կողմից վկայակոչված կանոնակարգի նորմերի հիման վրա փաստաբանի մոտ քրեական գործի նյութերին չառնչվող այլ փաստաթղթերի հայտնաբերմանն ուղղված գործողությունն անհնար է կատարել առանց բոլոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու։
Նման գործողությամբ ՔԿՀ աշխատակիցները փաստացի հնարավորություն կունենան ծանոթանալու փաստաբանական գաղտնիք պարունակող այլ նյութերին, ինչպես նաև՝ չունենալով անհրաժեշտ գիտելիքներ կամ տեղեկություններ, հայեցողաբար գնահատելու փաստաթղթերի առնչությունը քրեական գործին:
Ըստ ՀՀ փաստաբանների պալատի դիրքորոշման ՔԿՀ աշխատակազմի նման վարքագիծը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային պայմանագրերին և ներպետական օրենքներին»։