Լուիս Էնրիկե. «Այս պարտության ողջ պատասխանատվությունն ընկնում է իմ ուսերին»
«Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0։4 հաշվով կրած պարտության մասին։ Հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։
«Սա ողբերգական երեկո է մեզ համար։ ՊՍԺ-ն բոլոր առումներով գերազանցեց մեզ ինչպես գնդակով, այնպես էլ առանց դրա։ Վերջնարդյունքը լիովին արտացոլում է այն ամենը, ինչ կատարվում էր խաղադաշտում, և պետք չէ ևս մեկ անգամ խոսել այդ մասին։
Արդյունքի համար պատասխանատվությունը ես եմ կրում։ Եթե դուք ուզում եք մատնացույց անել պարտության մեկ մեղավորի, ապա դա ես եմ, այլ ոչ թե խաղացողները։ Չէ՞ որ նրանք այլ օրերի հաղթում են։ Մենք 4-3-3 մարտավարությունը փոխեցինք 4-2-3-1-ով, որպեսզի Մեսսին ավելի հաճախ լինի գնդակով, բայց արդյունքում ամեն ինչ ստացվեց հենց այնպես, ինչպես ստացվեց։
ՊՍԺ-ն մեզ առանձնապես չզարմացրեց։ Նրա կազմում որակյալ խաղացողներ կան, այնպիսիք, ինչպիսին Դի Մարիան է, ինչպես նաև պահեստայինների լավ նստարան ունի։ Նրանք բարձրակարգ խաղ ու հաղթանակի կամք ցուցադրեցին, հաղթեցին մեծ թվով մենամարտերում»,- Էնրիկեի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։