Կոռեկտ չէ նման առաջարկ անել վերջին օրով. Մարուքյանը՝ Հայրիկյանի հայտարարության մասին
Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի՝ ԵԼՔ դաշինքին միանալու ցանկությանն ի պատասխան ԵԼՔ-ից առաջարկել են համագործակցության այլ տարբերակներ։
«Առավոտյան ինձ է զանգահարել Պարույր Հայրիկյանը և ասել, որ ցանկություն ունեն միանալ ԵԼՔ դաշինքին ու քննարկում են այդ հարցը։ Ես նշեցի, որ դաշինքի ցուցակը պատրաստ է ամբողջությամբ, իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ ժամանակը շատ կարճ է, որ մեր թիմերը ինտեգրվեն։ Դաշինքը չի կարող սպոնտան կազմավորվել։ Ավելին, դաշինքն ունի հուշագիր, որտեղ կան կարևորագույն հիմնադրույթներ ու չեմ կարծում, որ դա կարող է քննարկվել այս պրոցեսում», Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց պարոն Մարուքյանը։
Նրա խոսքով, որպես համագործակցության տարբերակ առաջարկել են, որպեսզի ռեյտինգային քվեարկությամբ ԱԻՄ-ն առաջարկի իր թեկնածուներին՝ ընտրատարածքներում առաջադրելու համար։
«Ես առաջարկեցի համագործակցության այլ տարբերակներ, բայց ասում են, որ իրենց մոտ դաշինքին ամբողջապես միանալու հարց է դրված իրենց մոտ՝ կամ միանում են մասնակցելով կամ չեն մասնակցում ընտրություններին, ինչը այս պարագայում տեխնիկապես հնարավոր չէ։ Սա արվում է այն դեպքում, երբ միացել են մի դաշինքի, հետո այնտեղից դուրս են եկել։ Այնքան էլ կոռեկտ չէ նման առաջարկ անել վերջին օրով։ Շատ բարդ ու անելանելի վիճակ ստեղծող առաջարկ է նաև իրենց համար», -հավելեց պարոն Մարուքյանը։
ԵԼՔ-ի ներկայացուցչի խոսքով, դաշինքը ներկայացնող ուժերը քննարկել են Հայրիկյանի առաջարկությունը և արձանագրել դրա անհնարինությունը և ժամանակավրեպ լինելը։
Նշենք, որ ԵԼՔ դաշինքի առաջին եռյակն այսպիսին է՝ Էդմոն Մարուքյան, Արամ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին