Գիրք նվիրելու օրը Երևանում կշրջի «Գրաբուսը»
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը մայրաքաղաքում շատ հետաքրքիր ակցիա է իրականացվելու,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Հայաստանի մշակութային հիմնադրամ»-ի նախագահ Մանուկ Նիգոյանը։
«Ակցիան կոչվում է «Գրաբուս», որն իրենից ներկայացնում է առաջին շարժական գրախանութը։ Համապատասխան մեքենան, գրախանութի արտաքին և ներքին կահավորմամբ, դիզայնով կպտտվի Երևանի տարբեր համայնքներով։ «Գրաբուսի» գրավաճառները կլինեն շատ սիրված և ծանոթ հայտնի դեմքեր, որոնց անունները հիմա չեմ նշի։ Ակցիայի շրջանակում ներկայացված բոլոր գրքերը կվաճառվեն 30 տոկոս զեղչով»,-մանրամասնեց նա։
Նա տեղեկացրեց, որ «Գրաբուսը» կսկսի իր մեկնարկը փետրվարի 19-ին՝ ժամը 12-ին Ազատության հրապարակից, մեկ ժամ այնտեղ մնալուց հետո կսկսի շրջել Երևանի համայնքներով։ Ժամանակացույցը ներկայացված է ֆեյսբուքյան էջում։
Մանուկ Նիգոյանն նշեց, որ ցանկություն ունեն նախագիծը շարունակական դարձնելու և իրականացնելու նաև մարզերում։
Հանդիպմանը ներկա ՀՀ մշակույթի նախարարության գրական ծրագրերի համակարգող Արմեն Սարգսյանը հայտնեց, որ բոլոր քաղաքացիները, ովքեր կցանկանան գիրք նվիրել հանրապետության տարբեր գյուղական համայքների և զորամասերի գրադարաններին, կարող են փետրվարի 19-ին Ազգային գրադարանի միջոցառուների բաժին և գրքեր թողնել այնտեղ։
«Գրքի շապիկի դարձերեսին պետք է մատիտով նշել, թե որ համայնքի կամ զորամասի գրադարանին են ցանկանում նվիրել գիրքը։ Այս գործընթացը շարունակական է, սակայն այս տարի այն որոշել ենք անցկացնել Գիրք նվիրելու օրը»,-ասաց նա։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի խոսքով՝ ամեն տարի փետրվարի 19-ին Հայկական գրադարանային ասոցիացիայի և Հրատարակիչների ազգային ասոցիացիայի հետ իրենց գրադարանը կազմակերպում է մանկապատանեկան գրքի տոնավաճառ. «Հիմնական նպատակն է, որ գիրքն ավելի լավ տարածվի։ Մանկապատանեկան հասակի ընթերցողն ավելի իրազեկվի ժամանակակից հեղինակների ու նրանց ստեղծագործությունների մասին, ավելի ընթերցասեր դառնա։ Այս տարվա Գրքի տոնավաճառին մասնակցելու է 14 հրատարակչություն։ Բացի հրատարակչություններից՝ տոնավաճառին կմասնակցի ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի կենտրոնը, Գրողների միությունն ու սփյուռքի նախարարությունը»:
Ռուզան Տոնոյանը հավելեց նաև, որ հատուկ շեշտադրությամբ կնշվի նաև Մայրենիի օրը՝ փետրվարի 21-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները