Ադրբեջանացիներն առաջնագիծ են ուղարկում հիմնականում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին. Շահին Միրզոև
«Ադրբեջանական բանակում առաջնագծում ծառայող զինվորների մեծ մասը՝ 70-80 տոկոսն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն են։ Նրանց բանակ են տանում, կարելի է ասել, ստիպողաբար ու ուղարկում միանգամից առաջնագիծ՝ մսաղաց։ Այս պատճառով է, որ սպանվածների թվում, անուններից էլ կարող եք տեսնել, մեծամասամբ թալիշներն են, թաթերը, ուդինները», - լրագրողների հետ զրույցում ասաց օրերս ընտանիքով Ադրբեջանից Հայաստան տեղափոխված, Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը։
Նա մասնակցում էր Երևանում ընթացող «Ստեփանակերտի շրջափակման ճեղքումը. 25 տարի անց» փորձագիտական աշխատաժողովին:
Նա նշեց, որ բանակում միայն 20-30 տոկոսն են, այսպես ասած, տեղացիներ, ովքեր իրենց թուրքեր են կոչում, նրանք պահեստներում են ծառայում, խոհարարներն են:
Հարցին, թե արդյո՞ք չեն կարող հրաժարվել ու չգալ, Թալիշական ազատագրական շարժման մասնակիցն ասաց, որ այդպես ուղղակիորեն կվտանգի կյանք. «Նրանց առնվազն կբանտարկեն, բացի այդ կտուժի նրանց ամբողջ ընտանիքը։ Ես հիմա Հայաստանում եմ, իսկ այնտեղ իմ 92-ամյա հորը ստիպել են, որ հրաժարվի ինձանից»:
Շահին Միրզոևն ասաց, որ Հայաստանում ինքն ու իր ընտանիքն իրենց լավ են զգում։ Պատմեց, որ գալու հենց հաջորդ օրը կնոջը, ով օնկոլոգիական հիվանդություն ունի, տեղափոխել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանություններին էր դիմել Շահին Միրզոևը՝ խնդրելով իրեն տրամադրել ժամանակավոր ապաստան, քանի որ հանդիսանալով Թալիշական մշակույթի խորհրդի անդամ, Թալիշական ազատագրական շարժման մասնակից, «Թոլիշի Սադո» թերթի թղթակից ստիպված է եղել փախչել Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ բռնաճնշումների ու նրանց իրավունքների կոպտագույն ոտնահարումների պատճառով, և ընտանիքով ժամանել Հայաստան։ Հայաստանի իշխանությունները դրական էին արձագանքել Շահին Միրզոևի խնդրանքին:
Հարակից հրապարակումներ`
- Նորից Ադրբեջան վերադառնալը ինձ համար մահ էր. Շահին Միրզոև
- Ադրբեջանից ընտանիքով փախած Շահին Միրզոևը Հայաստանում ժամանակավոր ապաստան է ստացել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան