Ֆրանկ Էնգել․ Ադրբեջանը պետք է ընդունի հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները կամ դուրս գա Արևելյան գործընկերությունից
Ստրասբուրգում անցկացվող Եվրոպական խորհրդարանի նստաշրջանի շրջանակներում նախօրեին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելի մամուլի ասուլիսը, որը կարելի է պատմական որակել։
Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում ներկայացրեց 3 հիմնական ուղերձներ․ ամփոփեց պատգամավորների ու իրավապաշտպան կառույցների հետ հանդիպումները, որոնց ընթացքում ներկայացվել է մասնավորապես 2016թ․-ի ապրիլին Ադրեջանի իրականացրած վայրագությունների զեկույցը, Ալեքսանդր Լապշինի Ադրբեջան հանձնելու հարցն ու ազատ խոսքը լռեցնելու Ադրբեջանի փորձը և Եվրամիության կողմից Արցախում ներգրավվելու հնարավորություններն ու հեռանկարները, որը կլինի նաև Ադրբեջանի համար հետագա ոչ իրավաչափ վարքագծի կանխարգելման միջոց։
«Օրեր առաջ ես և իմ մի քանի գործընկերներ հարց ենք ուղղել ԵՄ հանձնաժողովին՝ հարցնելով, արդյո՞ք նրանք պատրաստվում են հետևել մեր զեկույցներին ու համաձայնեցված քաղաքականությանն ու անմիջական կապ հաստատել Լեռնային Ղարաբաղի հետ: Տեսնենք, թե ինչպիսի պատասխան կլինի այս անգամ։ Սակայն մենք չենք պատրաստվում կանգ առնել»,- ասաց Ֆրանկ Էնգելը՝ պատասխանելով Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակցի հարցին, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկվում ԵՄ-ում՝ Լեռնային Ղարաբաղի հետ անմիջական կապ հաստատելու և ԼՂ-ում ծրագրեր իրականացնելու համար։
Ֆրանկ Էնգելը նշեց, որ այս հարցում կարևոր է աջակցության մեխանիզմների կանոնավոր գործունեությունը, որի օրինակ է Արցախի պետական համալսարանի հետ գործընկերության համաձայնագիրը, որը պետք է կյանքի կոչել։
«Ես շուտով հանդիպելու եմ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ՝ քննարկելու, թե ինչպիսի կոնկրետ քայլեր է նա տեսնում, որոնք կարող են իրականացվել տեղում»,-տեղեկացրեց Ֆրանկ Էնգելը։
Պատգամավորը կարծում է, որ պետք չէ կանգ առնել Մինսկի գործընթացի վրա ու դրանով արդարացնել Լեռնային Ղարաբաղի հետ չհամագործակցությունը՝ հավելելով, որ ԵՄ-ն պետք է գտնի իր դերը տարածաշրջանում։
«Ես, օրինակ, կարող եմ պատկերացնել, որ ԵՄ-ն որոշում է Ադրբեջանի առաջ դնել պարզ ընտրություն՝ կամ նա ընդունում է հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները կամ դուրս է գալիս Արևելյան գործընկերության ծրագրից։ Մենք չենք կարող շարունակել, կարծեք ոչինչ չի եղել ու համագործակցել երկրի հետ, որը շաբաթական, ամսական ընդմիջումներով ռազմական հարձակումներ է իրականացնում հարևանի վրա ու ձևանում է նորմալ հարևան։ Եթե Ադրբեջանը չի ընդունում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմները, ապա այն պետք է զգա դրա հետևանքները ԵՄ-ի հետ հարաբերություններում: Մենք մեր էներգիան այլ երկրից կարող ենք ձեռք բերել»,-ասաց Ֆրանկ Էնգելը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան