Քիմիաթերապիայի կլինիկայի պատմության մեջ ամենափոքր պացիենտը 4 ամսական է
ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի քիմիաթերապիայի կլինիկայում քաղցկեղի դեմ բուժում են ստանում երեխաներ և մեծահասակներ: Այստեղ աշխատում են արտերկրում վերապատրաստում անցած բժիշկներ:
ԵՊԲՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանրապետությունում տարեկան միջինում ախտորոշվում է մանկական քաղցկեղի 60 դեպք: 2016թ.-ի ընթացքում կլինիկայում բուժում է ստացել 24 երեխա: Նախորդ տարի Գերմանիայի Համբուրգի և Մյունստերի համալսարանական կլինիկաներում վերապատրաստվել է կլինիկայի 2 բժիշկ:
Կլինիկան նաև հովանավորվում է Hulf Fur Armenia գերմանական բարեգործական հիմնադրամի կողմից, ինչպես նաև կլինիկայում բուժվող երեխաների բուժման ֆինանսավորումը կատարվում է «Նվիրիր կյանք», «Առողջության կամուրջ Հայաստան», «Օգնեմ», «Կամրջակ», «Ֆոնդ 100», «Արամ» և մի շարք այլ բարեգործական հիմնադրամների կողմից:
Կլինիկան սերտորեն համագործակցում է նաև արտերկրի մի շարք հայտնի կլինիկաների հետ` հատկապես բարդ ախտորոշումների և բուժման ընթացքում առաջացած խնդիրները քննարկվում են արտասահմանյան առաջատար բժշկական հաստատությունների մասնագետների հետ:
2016թ.-ին կլինիկայի ձեռքբերումներից են թալասեմիայով հիվանդ երեխաների համար ՀՀ-ում Հնդկաստանի դեպանի կողմից նվիրաբերած դեղերը, որոնք ստանում են թալասեմիայով հիվանդ երեխաները մեր կլինիկայից`անվճար:
ԵՊԲՀ –ն ներկայացնում է նաև մի քանի հիվանդների բուժման պատմություններ:
1.Հիվանդ Ա.Ա.՝ 15 տարեկան, ախտորոշումը՝ գանգի հիմի հսկաբջջային ուռուցք: Հիվանդին կատարվել էր վիրահատական և ճառագայթային բուժում, սակայն ուռուցքը շարունակական աճ էր տվել, ծնողները ստացել էին կոնսուլտացիա Մոսկվայի կլինիկաներից մեկում, որտեղ խորհուրդ էին տվել իրականացնել ամոքիչ բժշկություն: Մեր կողմից կատարված կոնսուլտացիաներով արտերկրի մասնագետների հետ որոշվեց փորձել բուժում անցկացնել դենոսումաբ դեղորայքով, որի պրակտիկան շատ քիչ էր հանդիպում համաշխարհային գրականության մեջ: Սակայն արդեն 1 տարի տևած բուժումից հետո հիվանդի վիճակը կայուն է, և ուռուցքը նահանջել է: Կլինիկական դեպքը հետաքրքրություն է առաջացրել Իտալիայի մանկաբուժության ամսագրի խմբագրության մոտ, և այս պատմությունը շուտով կտպագրվի այդ ամսագրում:
2.Հիվանդ Ա.Կ.՝ 18 տարեկան, ախտորոշումը՝ պարատեստիկուլյար ռաբդոմիոսարկոմա՝ ոսկրային և լիմֆատիկ համակարգերի տոտալ ախտահարմամբ:
Երեխային նորից խորհուրդ էր տրվել պալիատիվ բուժում, սակայն մեր անցկացրած բուժումներից հետո կատարված PET-CT հետազոտությամբ գրանցվեց հիվանդության լրիվ նահանջ:
3.Կլինիկայի պատմության մեջ ամենափոքր պացիենտը` 4 ամսական Ա.Ա.՝ Վիլմսի ուռուցք /11սմ չափսի/. կատարված բուժումներից հետո ուռուցքը եռակի անգամ փոքրացել է, և հիվանդը շուտով կվիրահատվի: