Մեկնարկել է Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում ջրօգտագործման 20 համակարգի ներդրման գործընթացը
Այսօր տեղի է ունեցել «Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում փաստացի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման համակարգի ներդրում» թեմայով միջոցառումը: ԲՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ միջոցառման նպատակն է՝ Արարատյան դաշտում ձկնաբուծությամբ զբաղվող ջրօգտագործողներին ներկայացնել 2016թ. հուլիսի 19-ին ՀՀ բնապահպանության նախարարության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա, 2017թ. ընթացքում Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում փաստացի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման 20 համակարգի ներդրման գործընթացը:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վահան Դավթյանն իր խոսքում նշել է, որ 2015թ. ընթացքում, ԵՄ «Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանության» ծրագրի շրջանակներում իրականացվել է պիլոտային ծրագիր` ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ, Մեծամոր և Արաքս համայնքների ընտրված ձկնաբուծական տնտեսությունների երեք հորատանցքերում տեղադրվել են թվային ջրաչափական սարքավորումներ. «Պիլոտային ծրագրի ներդրումը տվել է դրական արդյունք և ՀՀ բնապահպանության նախարարությունը շարունակեց բանակցությունները Արարատյան դաշտի ձկնաբուծարաններում փաստացի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված, առցանց վերահսկման համակարգի ամբողջական ներդրման համար: Նախատեսվում է սույն համակարգը ներդնել Արարատյան դաշտի բոլոր ձկնաբուծական տնտեսություններում»։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության հասարակական գործերի և հաղորդակցության հարցերով տնօրեն Էլինա Մարգարյանը իր խոսքում նշել է, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը կարևոր է նաև սոցիալական պատասխանատվության բարձրացման համատեքստում: