«Բավարիան» 5 գնդակ ուղարկեց «Արսենալի» դարպասը
Մյունխենյան «Բավարիան» «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում խնդիրներ պարզապես չունեցավ։ Առաջին խաղակեսում Ռոբբենը գոլ խփեց ֆիրմային ոճով՝ տուգանային հրապարակի մատույցներից կատարած հարվածով։ Լոնդոնցիները դրան պատասխանեցին Ալեքսիս Սանչեսի գնդակով, և թվում էր, թե «Արսենալը» լուրջ պայքար կմղի հաջողության հասնելու համար։ Երկրորդ խաղակեսը, սակայն, առաջինի հակապատկերն էր։ «Բավարիան» նսեմացրեց «Արսենալին»՝ խփելով ևս 4 գոլ։ Երկու անգամ աչքի ընկավ Տյագոն, մեկական անգամ՝ Լևանդովսկին ու Մյուլլերը։ Մյունխենցիները, ի վերջո, հաղթեցին 5։1 հաշվով։
Այսպիսով՝ Կառլո Անչելոտտիի սաները մեծ քայլ կատարեցին քառորդ եզրափակչի ճանապարհին։ Իհարկե, ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն այն, որ «Արսենալը» կկարողանա չեզոքացնել 4 գնդակի տարբերությունը, անիրական է թվում։