Մեր հավակնությունն այն չէ, որ ամեն գնով սողոսկենք խորհրդարան. Լևոն Զուրաբյան
«Դաշինքները չեն կարող լուրջ արդյունք բերել, եթե բնականոն ձևավորված չեն»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա նշեց, որ հաճախ դաշինքներ են կազմվել՝ միայն ելնելով այն նկատառումից, որ հասարակության վրա տպավորություն ստեղծեն, հնարավորինս շատ մարդկանց ընդգրկեն ու մատուցեն հասարակությանը. «Նման դաշինքները ստեղծվել են՝ չունենալով միասնական ուղերձ, ծրագրեր, սկզբունքներ, այլ եղել է միայն ինքնանպատակի վերածվող մղում կամ ցանկություն, ինչքան հնարավոր է շատ մարդկանց միավորել: Դա արդեն անվանել եմ քաղաքական սալաթ»:
Լ. Զուրաբյանի համոզմամբ, միայն բնական դաշիքները, որոնք ձևավորվում են քաղաքական գործընթացների արդյունքում, կարող են արդյունք գրանցել:
Դիտարկմանը, թե ընտրություններում դաշինքով հանդես գալը ենթադրում է 7 տոկոսի շեմի հաղթահարում, որպեսզի տվյալ ուժն անցնի խորհրդարան, նա ասաց. «Հաճախ են ասում՝ ինչո՞ւ եք բարդացնում, դաշինքով եք հանդես գալիս: Մեր հավակնությունն այն չէ, որ կարողանանք մի կերպ հաղթահարել շեմը, սողոսկենք խորհրդարան, այլ այն, որ ազդենք երկրի զարգացման վրա, ազդենք երկրի կուրսի վրա, գանք իշխանության, և մենք կառավարենք երկիրը, տանենք ճիշտ ուղղությամբ, կամ այնպիսի ազդեցություն ունենանք խորհրդարանում, որ ազդենք այդ կուրսի վրա: Դա է մեր առաքելությունը, ոչ թե ամեն գնով շեմ հաղթահարելը»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը գլխավորող Լևոն Տեր-Պետրոսյանը ցակություն ո՞ւնի գալու խորհրդարան, թե կարո՞ղ է հրաժարվի, ինչպես նախկին խորհրդարանում՝ իր տեղը զիջելով Հրանտ Բագրատյանին, Լ. Զուրաբյանն ասաց. «Չեմ կարծում, որ իր փոխարեն պատասխանելու իրավունք ունեմ: Վստահ եմ, որ կընդունի այն որոշումը, որը համարում է քաղաքականապես նպատակահարմար: Քաղաքական գործընթաց է, չի կարելի մտածել, որ հատկապես Տեր-Պետրոսյանի նման մարդիկ, ստերիոտիպերով են ղեկավարվում, միշտ վարվում են նույնպես: Ամեն անգամ, ամեն որոշում թելադրված է շատ կոնկրետ քաղաքական իրավիճակով»:
Նա նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցելու է ընտրարշավին:
Հարցին, թե ընտրություններից հետո այլ ուժի հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք, Լ. Զուրաբյանն ասաց. «Մենք ամեն տեսակի համագործակացության պատրաստ ենք, բայց երբեք չենք մտնի դաշինքի մեջ ՀՀԿ-ի հետ, քանի որ մեր հակասությունները շատ մեծ են»:
Ինչ վերաբերում է մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությանը, նա նշեց, որ քաղաքական իրավիճակ է, և եթե տեսնեն, որ կա քաղաքական այնպիսի գործընթաց , որը բխում է ՀՀ շահերից, ինչու ոչ. «Բայց նախապես ոչ մի մտադրություն չունենք կամ պլանավորաված որևէ բան չկա: Իրավիճակը ցույց կտա»:
«Ելք»-ի հետ բանացություններ եղե՞լ են հարցին ի պատասխան, նա ասաց. «Մեզ դիմել են կոնկրետ մարդիկ, առաջարկել են խոսել յոթ-ութ գլխավոր ընդդիմադիր կուսակցությունների հետ դաշինք կազմելու շուրջ բանակցելու մասին: Մենք մեր համաձայնությունը տվել ենք, բայց այդ բանակցությունները հետո չեն կայացել կամ կայացել են առանց մեր մասնակցության, որից հետո տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել»:շ
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու ՀԱԿ նախաձեռնությանը, նա ասաց, որ անհրաժեշտ 27 ստորագրությունից 19 ունեն, այլևս չեն կարող դիմել ՍԴ:
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դեմիրճյանը ոչ թե բանակցություններ, այլ հանդիպումներ է ունեցել այլ ուժերի հետ. Ս.Մինասյան
- Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակները