Ռամոսը հավասարվեց Գուտիին
«Ռեալի» կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը շարունակում է արարել ակումբի պատմությունը։ Թիմի 30-ամյա ավագը «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում խաղադաշտում 71 րոպե անցկացրեց։ Այս հանդիպումը նրա համար 95-րդ էր այս մրցաշարում՝ «Արքայական թիմի» կազմում։ Այս մասին տեղեկացնում է football.ua-ն։
Այսպիսով՝ Սերխիո Ռամոսն անցկացրած հանդիպումների քանակով հավասարվեց Գուտիին, ով «Ռեալում» հանդես է եկել 1994-2010 թթ.։ Իսկ Ռամոսը 2005 թ.-ից է Մադրիդում։ Այս ֆուտբոլիստներն այդ ցուցանիշով բաժանում են 4-5-րդ տեղերը։
Անցկացրած հանդիպումների քանակով երրորդ տեղում Ռոբերտո Կառլոսն է՝ 107 խաղ։ Նրան գերազանցում են Ռաուլն ու Իկեր Կասիլյասը, ովքեր մասնակցել են համապատասխանաբար 130 և 150 խաղի։