Արեգ Վաթյան. «Մեր նվազագույն նպատակը լավագույն եռյակ մտնելն է»
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը փետրվարի 17-ին կմեկնի Թբիլիսի` մասնակցելու միջազգային մրցաշարի: Թիմի գլխավոր մարզիչ Արեգ Վաթյանի խոսքով` այս մրցաշարը լավ հնարավորություն է միջազգային փորձ ձեռք բերելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
«Հավաքականի կազմում ընդգրկվել է 11 բաստկետբոլիստ Հայաստանից: Թբիլիսիում մեզ կմիանա նաև Գեորգի Շախնազարովը: Նա Սանկտ Պետերբուրգից է: Միջազգային մրցաշարին մասնակցելու է 4 թիմ: Բացի դրանից, մենք մեկ հանդիպում կունենանք տեղի թիմերից մեկի հետ: Ապրիլին հավաք կունենանք Մոսկվայում: Փորձառության համար մեր թիմը կմրցի Մոսկվայի ուժեղագույն ակումբների հետ»,- ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ մինչև 16 տարեկան պատանիները հուլիսին կմասնակցեն Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը: Մինչ այդ, նրանք ևս մի քանի հավաք կանցկացնեն:
«Եվրոպայի առաջնության ժամանակ հավաքականին կմիանան նաև արտասահմանում ապրող մեր մի քանի հայրենակիցներ: C դիվիզիոնում մեր նվազագույն նպատակն է՝ մտնել լավագույն եռյակ, իսկ լավ արդյունք կհամարվի հաղթանակը»,-նշել է Արեգ Վաթյանը:
Հավելենք, որ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 23-30-ը` Անդորրայում: