«Երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող է դարձել Արթուր Ալեքսանյանը
Տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Երիտասարդ-2016» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլը և մրցանակակիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Հայասանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Միջոցառմանը, որի նպատակն է խրախուսել 2016 թ. ընթացքում նշանակալի ու խոշոր հաջողություններ արձանագրած երիտասարդներին, երիտասարդական խմբերին, արժևորել նրանց ձեռքբերումները և գործունեությունը, ներկա են գտնվել նախարար Հրաչյա Ռոստոմյանը և նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
Մրցանակակիրների ընտրությունը կատարվել է հանդիսատեսների կողմից, որոնք անվանի հյուրեր, երիտասարդական ոլորտի հայտնի ու փորձառու մասնագետներ, պետական պաշտոնյաներ էին:
Միջոցառման շրջանակներում Հայասանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը սերտորեն համագործակցել է Հայաստանի մյուս նախարարությունների հետ: Այդ հանգամանքն իրենց խոսքում կարևորել են թե՛ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը և թե՛ նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը:
«Երիտասարդ-2016» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլի «Երիտասարդ մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը:
Ըստ անվանակարգերի հաղթողներ են ճանաչվել՝
1) «Երիտասարդ բժիշկ» - Դավիթ Մինասյան,
2) «Երիտասարդ բնապահպան» - Սարգիս Աղայան,
3) «Երիտասարդ գյուղատնտես» - Հարություն Մնացականյան,
4) «Երիտասարդ գիտնական» - Հովակիմ Զաքարյան,
5) «Երիտասարդ մշակութային գործիչ» - Տիգրան Համասյան,
6) «Երիտասարդ հայրենիքի պաշտպան» - Մարատ Պետրոսյան, Հարություն Բադալյան, Արթուր Աղասյան,
7) «Երիտասարդական աշխատող» - Անահիտ Մինասյան,
8) «Երիտասարդ մարզիկ» - Արթուր Ալեքսանյան,
9) «Երիտասարդ հայրենադարձ» - Մերուժան Մինասյան,
10) «Երիտասարդ գործարար» - Սոֆյա Խաչատրյան: