Ֆուտզալ Բիզնես լիգայի Հայաստանի հավաքականը 10:2 հաշվով հաղթել է Թուրքիային
Իրանի Իսլամական Հանրապետությունում շարունակվում է սիրողական ֆուտզալի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի թիմը 10:2 հաշվով հաղթել է Թուրքիայի ընտրանուն: Երեքական գոլի հեղինակ են դարձել Էդգար Ստեփանյանը և Արտավազդ Գրիգորյանը, 2 անգամ աչքի է ընկել Տիգրան Զաքարյանը, իսկ Աշոտ Նազարեթյանն ու Հայկ Կիրակոսյանը մրցակցի դարպասը գրավել են մեկական անգամ:
Ինչպես տեղեկացնում է Բիզնես լիգայի պաշտոնական կայքը, խաղի ողջ ընթացքում մեր թիմը հսկայական տարածական ու խաղային առավելություն է ունեցել, թիմային ճիշտ կազմակերպված մարտավարության շնորհիվ կարողացել է մեկը մյուսի հետևից մրցակցի դարպասն ուղարկել 10 գնդակ, որին թուրքական կողմը կարողացել է պատասխանել ընդամենը երկուսով:
Հիշեցնենք, որ առաջին խաղում Բիզնես լիգայի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի` 4:4 հաշվով էր ավարտել հանդիպումը Իրանի թիմի հետ, իսկ հաջորդ խաղում մեր ընտրանու մրցակիցը Հունգարիայի հավաքականն է: